2010 թվականի մայիսի 26-ից մինչ այսօր Ախալքալաքի քաղաքապետարանի պաշտոնական akhalkalaki.ge կայքում ընդհանուր առմամբ 377 հրապարակում է եղել: Այժմ կայքը թարմացվելու է ակտիվ գործելու համար:

Քաղաքապետարանի կայքի 8 տարվա հրապարակումները հիմնականում վերաբերում են շրջանում սպորտային անցուդարձին և տարբեր թվականներին Ախալքալաքի բյուջեին: Քաղաքապետարանի մամլո քարտուղարի և կայքէջի պատասխանատուի պաշտոնները թափուր են, սակայն մրցույթ այդ տեղերի համար դեռ չի հայտարարված։

Սույն թվականի օգոստոսի 29-ին Ախալքալաքի Սակրեբուլոյի լիագումար նիստի ժամանակ որոշում ընդունվեց 1200 լարի հատկացնել մունիցիպալիտետի կայքի պատրաստման համար:

Ինչպես տեղեկացանք Ախալքալաքի քաղաքապետարանից, նախատեսված գումարն ուղղվելու է նոր կայքի պատրաստմանը: Կայքը կպահպանի նախկին akhalkalaki.ge դոմենը, կլինի քառալեզու՝ վրացերեն, ռուսերեն, անգլերեն և հայերեն և կավելացվի մեկ հավելված՝ որտեղ կտեղադրվեն գենդերին վերաբերող նյութերը:

Պետք է նշել, որ հիմա էլ կայքը երեք լեզվով է՝ վրացերեն, ռուսերեն և անգլերեն, սակայն մինչ օրս անգլերենով որևէ տեղեկատվություն չի հրապարակվել: Եթե 2010-2012 թվականներին նյութերը թարգմանվում էին և հրապարակվում հիմնականում և վրացերեն և ռուսերեն լեզուներով, ապա 2016-2018-ին տարբեր նորություններ են հրապարակված կայքի ռուսերեն և վրացերեն բաժիններում: 2014 թվականին կայքում չի եղել ոչ մի տեղեկատվության հրապարակում: 2013 և 2015 եղել է 31-ական նորություն միայն ռուսերեն լեզվով: 8 տարվա ընթացքում կայքը ընդամենը 47 467 այցելու է ունեցել:

Առավել մանրամասն կայքի հրապարակումների մասին կարող եք ծանոթանալ մեր ներկայացրած ինֆոգրաֆիկայից: Թվերը տեսնելու համար մոտեցրեք նշորդը համապատասխան սյուներին:

Infographic Modern
Infogram

Աղունիկ Այվազյան