Ֆրանսիայի Հայորդի երիտասարդաց միության երիտասարդները օգնություն ցուցաբերեցին Ջավախքի 4 գյուղերի 9-ը կարիքավոր և ծնողազուրկ ընտանիքների:

կարիքավոր

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում բնակվող մի քանի երիտասարդներ 2015 թվականի ապրիլին հիմնադրել են Հայորդի երիտասարդաց միությունը, որի գլխավոր նպատակը տեղի հայության համախմբումն էր հայկական մշակույթի շուրջ։ Միությունը միաժամանակ բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացրել Հայաստանի ու Արցախի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին: Այս տարի երիտասարդները որոշել են ընդլայնել աշխարհագրական շրջանակները և աջակցել Ջավախքի ծնողազուրկ և կարիքավոր ընտանիքներին:

կարիքավոր7

«Իրագործել ենք երկու տասնյակից ավելի բարեգործական ծրագրեր՝ Արցախում և Հայաստանի այլ մարզերում։ Այս տարվա ծրագրում որոշեցինք նաև ներառել Ջավախք աշխարհը։ Ես ինքս Ջավախքում եղել եմ մեկ տասնյակ անգամ, բայց ցավոք մինչ օրս առիթ չէր եղել շփվելու ջավախահայության հետ ու ծանոթանալու իրենց խնդիրներին: Մեր այցելած գրեթե բոլոր ընտանիքներում ունեին հարազատների ցավալի կորուստ, բայց այդ ցավի հետ մեկտեղ մարդկանց մեջ չէր նկատվում ոչ մի ընկճվածություն»,- ասաց միության երիտասարդներից Համլետ Հովսեփյանը:

կարիքավոր1

Երիտասարդները գրենական պիտույքներ, դպրոցական պայուսակներ ու առաջին անհրաժեշտության մթերքներ բաժանեցին Խուլգումո, Կուլիկամ, Կարտիկամ և Գումբուրդո գյուղերում բնակվող 9 կարիքավոր ընտանիքների:

Խուլգումո գյուղում Վաչագան Եղիազարյանը արդեն 4 տարի է, կնոջ մահվանից հետո միայնակ խնամում է երկու երեխաներին: Երեք հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է երեխաների նպաստի հաշվին: Փորքիկները դպրոցական են: Տղան երազում է ընկերների նման հեծանիվ ունենալ, իսկ աղջիկը՝ ձյունանուշի շոր:

Նույն գյուղում բնակվող Պետրոսյանների ընտանիքը նույնիսկ սեփական տուն չունի: Գյուղացիներից մեկը, ով Ռուսաստանում է բնակվում, իր տունը անվարձահատույց տրամադրել է այս ընտանիքին: Ընտանիքն ապրում է Սոցիալական ծառայությունից ստացած փոքրիկ գումարի հաշվին: Երկու մանկահասակ երեխաների հայրը՝ Օննիկը առողջական խնդիրների պատճառով չի կարողանում աշխատել: Շուտով տղային վիրահատության են տանելու, բայց բավարար միջոցներ չունեն:

կարիքավոր3 9-ամյա տղան տեսնելով դպրոցական նոր պայուսակը կողքից չէր հեռանում

Կուլիկամ գյուղում Սաթենիկ Այվազյանը միայնակ 5 երեխա է մեծացնում: Ամուսինը երկու տարի առաջ է մահացել: Նրանք ապրում են գետնափոր, երկսենյականոց տան մեջ: Սաթենիկը պատմում է, գիշերները վախով է քնում, տան առաստաղը կախվել է, և յուրաքանչյուր պահի կարող է փլվել:

կարիքավոր4

Կարտիկամ գյուղում Նատաշան ևս միայնակ 5 երեխա է դաստիարակում: Ամուսնու մահվանից տան ամբողջ հոգսը իր վրա է վերցրել: Նա գյուղում տարբեր ժամանակավոր աշխատանքներ է անում, այդպիսով կարողանում է զավակների առօրյա պահանջները փոքր ինչ բավարարել:

կարիքավոր6

Ամենափոքրը՝ Արմենը մոր ձեռքը բաց չի թողնում, նա դեռ մանկապարտեզ է հաճախում, սակայն հայացքով ուշադիր ուսումնասիրում է մեզ:

կարիքավոր5

Գումբուրդո գյուղում ապրող Ավետիսյանների ընտանիքը դժբախտ պատահարի պատճառով ծնողազուրկ է դարձել: Երկու տղաները դեռ դպրոցական են: Սևազգեստ ծեր կինը մեզ տեսնելով երկար հոգոց է հանում և ասում՝ Աստծո հացն ուտեք, որ օգնում եք նման ընտանիքներին:

կարիքավոր8

Ֆրասնիայի Հայորդի երիտասարդաց միության երիտասարդները անձամբ այցելեցին այս ընտանիքներն և ծանոթացան ծնողազուրկ և կարիքավոր ընտանիքների ապրելակերպին:

Աղունիկ Այվազյան