Ախալքալաքում կոշկակարի արհեստանոցներից մեկից լսվող մուրճի ու մեխի ձայնը տարբերվում է մնացածներից։ Այստեղ արհեստավորը կին է, նրա մուրճի հարվածները զուսպ ու զգուշավոր են, հաշվարկված այնպես, որ աշխատելու ընթացքում եղունգի լաքն անգամ չքերծվի։

koshik manikyur

«Շատերն են եկել ու զարմացել, հարցնում էին, թե ո՞ւր է կոշկակարը: Մեր հասարակության համար մի քիչ զարմանալի է կին կոշկակար լինելը, սկզբնական շրջանում տարակուսանքով էին մոտենում: Հայրս սովորեցնում էր ճշտապահ և պատասխանատու լինել, որպեսզի մարդիկ միշտ գոհ լինեն»,- կին արհեստավոր լինելու մասին այսպես է պատասխանում Հասմիկը։

Կոշկակարի արհեստը հորից է ժառանգել։ Ախալքալաքցիները լավ էին ճանաչում կոշկակար Տրդատ պապին, ով մինչև 88 տարեկան չհրաժարվեց սիրելի արհեստից։ Կոշկակարի 6 աղջիկները հաճախ են օգնել աշխատանքի ընթացքում, սակայն միայն Հասմիկն է շարունակում հոր գործը:

koshik

«Մութ ու ցուրտ տարիներին, մոմի լույսի տակ, հորս հետ թել էինք անցկացնում ու սոսինձ քսում։ Հայրս սիրով էր աշխատում, մենք էլ տեսնում էինք նրա մեծ սերն ու նվիրումը և նույնը սովորում»,- ասում է Հասմիկը:

Մեր քաղաքի միակ կին կոշկակարը կենցաղի ու հոգսերի հետ միայնակ է ապրում:

koshkakari ers
Օրվա հաց վաստակելուց բացի, արհեստավորի գործը միայնակ կնոջ համար նաև հոր մասին հիշողություն և ժառանգություն է։

koshiki darak

Մանկուց ցանկացել է արհեստավորի ուղին բռնել «Ուզում էի վարսավիր դառնալ, բայց կոշկակար դարձա», – ասում է Հասմիկը:
Նրա համար, կապ չունի ինչ գործով է զբաղվում, կարևորը պետք է սիրես աշխատանքը, ինչ սիրով ես անում, լավ է ստացվում:

«Շատերն այսօր անգործ են, պատճառաբանելով, թե կին են, հարմար աշխատանք չկա, ես նման մտածելակերպը չեմ ընդունում, պիտի աշխատես որ կարողանաս արժանապատիվ ապրել: Կարևոր չէ ինչ գործ ես անում, պիտի կարողանաս սիրով աշխատել»,- համոզմունք է հայտնում արհեստավորը:

koshik koghpeq

Ախալքալաքը ժամանակի ընթացում արհեստավոր կնոջ համար շատ չի փոխվել, պարզապես ժամանակներն են հիմա ուրիշ: Մութ ու ցուրտ տարիները շատ են տպավորվել, բայց հիշում է այն ժամանակ իսկական կյանք կար: Ցավով է նշում, որ այսօր փողոցում քիչ է հանդիպում գնդակ խաղացող կամ իրական շփվող երեխաների:

«Բոլորը հեռախոսների մեջ են, ժամանակներն են փոխվել: Քաղաքը շատ չի փոխվել, որ կյանքը փոխվում է քաղաքն էլ ինքնստինքյան ուրիշ դեմք է ստանում»,- մտորում է կին արհեստավորը:

koshkakar hasmik

Հասմիկը լավ գիտի, որ դժվարությունները շատ են, բայց ամեն բան կհաղթահարվի, եթե կամք ունես:

Սոնա Տոնականյան