Մեկ ամիս է անցել, ինչ Խաչատուր Պետրոսյանը վերադարձել է Ախալքալաք: Բնակվում է քանդուքարափ կառույցի մի մութ սենյակում: Տեղական իշխանությունները խոստանում են մինչև օգոստոսի վերջ վագոն-տնակ տրամադրել:
Խաչոն մտավոր խնդիրներ ունի և տեղական իշխանությունը հարցի լուծման համար փնտրում էր խնամակալ նրա համար: Սակայն ըստ օրենսդրության 18 տարեկանից բարձր մարդկանց խնամակալ չի տրամադրվում պետության կողմից:
Այսօր Խաչոն ապրում է նախկին կաթնամթերքի (մալոչնի) շենքի մի մութ անկյում: Սեփականատերը ժամանակավորապես ապրելու թույլտվություն է տվել, մինչև տեղական իշխանությունները վագոն-տնակ կտրամադրեն: Ցերեկային ժամերին անհնար է Խաչոյին այնտեղ գտնել, ամբողջ օրը նա շրջում է քաղաքում:
Սենյակը որտեղ Խաչոն է քնում բանտախուց է հիշեցնում, այնքան փոքր է, որ հազիվ մահճակալն է տեղավորվել: Պատուհան չկա, ամեն ինչ թափթփված է ու կեղտոտ: Սեղանի վրա ուտելիքի թարմ մնացորդներն են հուշում, որ այստեղ մարդ է բնակվում: Քարուքանդ շենքի ողջ տարածքում գարշահոտություն է:
«Մալոչնին կմնամ, օլավերցի է տերը, ժամանակավոր է տվել: Կուզեմ, որ վագոնը կամ քաղաքում դրվի, կամ գյուղում: Ես օլավերդցի եմ: Ես կապ ունեմ, անընդհատ գյուղ եմ գնում-գալիս: Արդեն պրոեկտը գծել եմ, եթե գյուղում են դնելու, ասել եմ, որ հարսնետան մոտ դնեն: Ես իմ գլոխս կարող եմ պահել, մեկ-մեկ գործ եմ անում, բեռներ եմ դատարկում, փայտ եմ ջարդում, խանութներում, հիմա ես հո մանրամասն չեմ պատմելու ամեն ինչ», – մեզ հետ զրույցում ասաց Խաչո Պետրոսյանը:
Խաչոն քաղաքում բոլորին պատմում է, որ ինքն աշխատանքի է տեղավորվել «Ջավախք» ռեստորանում: Այնտեղ մեզ պատմեցին, որ երբ իրենց մոտ քեֆ է լինում, Խաչոն անպայման գնում է, մշտապես փող ու ուտելիք են տալիս:
«Ես իրեն ասել եմ, որ սնունդի մասով ապահովված է, օրական էլ ինչքան պատահում է, 10 կամ 20 լարի տալիս ենք: Շատ բարի ու ազնիվ տղա է, մեր քաղաքի Խաչոն է, փորձում ենք միշտ օգնել: Անվնաս, բարի տղա է», – ասաց «Ջավախք» ռեստորանի սեփականատեր Ժորա Դավթյանը:
Ախալքալաքի տեղական իշխանությունները դեռ չեն որոշել, թե որտեղ են տեղադրելու վագոն-տնակը, ով է այն մաքրելու, ով է ուտելիք սարքելու Խաչոյի համար, սակայն վստահեցնում են, որ մինչև օգոստոս ամսվա վերջ խնդիրը լուծում կստանա:
Աղունիկ Այվազյան