Վարորդները բողոքում են, Հայաստանի հանրապետություն մուտքի ու ելքի ժամանակ ամեն անգամ ստիպված են դեկլարացիա լրացնել: Նախկինում այդ դեկլարացիան սահմանային անցակետի աշխատակիցներն էին լրացնում, հիմա արդեն վարորդներն իրենք պետք է դա անեն:

Բավրա սահմանային անցակետով երթևեկող վարորդները բարձրաձայնում են. «Ամեն անգամ երկիր մտնելիս և դուրս գալիս պետք է թուղթ լրացնես, թե ինչ ես տանում, վարորդի ու մեքենայի անձնագրային տվյալներ: Ավելորդություն է, ոչ-ոք այդ թղթերը չի կարդում, իզուր տեղը մեզ են տանջում: Մարդ կա գրել չգիտի, բազմաթիվ խնդիրներ են առաջանում, գումարած ժամանակ է կորում»,- ասաց Արմենը, ով գրեթե ամեն օր հատում է վրաց-հայկական սահմանը:

Jnews-ի հետ զրույցում բոլոր վարորդները միակամ նշում են, որ սա բյուրոկրատական խնդիր է, փոխանակ դյուրացնելու երկիր ելումուտի ընթացակարգը, ընդհակառակը ավելորդ թղթաբանություն են ավելացնում:

«Մի ժամանակ երկար հերթ էին վոզի պատճառով, հետո 1000 դրամ մտցրին, հիմա էլ անձամբ մենք պետք է լրացնենք: Տոննաներով թուղթ են լրացնում, ժամերով մարդկանց անիմաստ տեղը սպասեցնում են: Շատ հանգիստ կարող են տեսախցիկով ֆիքսել յուրաքանչյուր փոխադրամիջոցի ելումուտը Հայաստան: Էլեկտրոնային եղանակով ավելի հեշտ ու արագ կարելի է անել: Զբոսաշրջություն են ուզում զարգացնել», – ասաց Մամիկոն Մինասյանը, ով ամիսը մինիմում երկու անգամ Հայաստան է գնում:

Գեղամը, ով Ախալքալաք-Երևան-Ախալքալաք ուղղությամբ ամեն օր մարդ է տեղափոխում, նշում է. «Ավելորդ չարչարանք է: Թուղթ ենք լրացնում, որը ոչ-ոքի պետք չէ, աղբարկղն են նետում: Այսքանը քիչ է, սահմանային անցակետից դուրս գալուց հետո նորից են ստուգում: Էլեմենտար բան է, բայց Կիկոսի մահն են սարքել: Վրաստան ես մտնում մարդու փոխարեն ամեն ինչ տեսախցիկներն են ֆիքսում ու արձանագրում»:

Աղունիկ Այվազյան