Գոհար Գյուլմիսարյանը սովորում է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանում և միաժամանակ աշխատում է Վրաստանի Առաջին հանրային հեռուստաընկերությունում: Նա նայում է կյանքին դրականորեն և համարում է, որ 18 տարեկան հասակում նա գտել է իր տեղը կյանքում:
Գոհար Գյուլմիսարյանի առավոտը սկսվում է մանրամասն պլանավորմամբ, քանի որ անհրաժեշտ է աշխատանքը համատեղել ուսման հետ: Նա պետք է հաշվարկի իր օրվա ամեն րոպեն, որպեսզի բոլոր գործերը հասցնի կատարել ինչպես հարկն է: Գոհարն ասում է, որ աշխատանքը նրան սովորեցրել է ճիշտ բաշխել իր ժամանակը:
Դպրոցն ավարտելուց երեք տարի առաջ, նա արդեն հստակ որոշել էր դառնալ բժիշկ: Նա կարծում է, որ մարդ պետք է զբաղվի այն աշխատանքով, որը սիրում է: Բարձրագույն կրթություն ստանալու համար Գոհար Գյուլմիսարյանը ընտրեց Թբիլիսին, թեև ըստ նրա, նա այլընտրանք ուներ:
«Շատ ուրախ եմ, որ ընտրեցի Թբիլիսին, այստեղ մեծ ապագա եմ տեսնում: Այստեղ գալուց հետո հասկացա, որ պետք է ապրել այսօրվա օրով և հաճույք ստանալ այդ օրից: Հետագայում ինչ կլինի, կախված կլինի հանգամանքներից: Թբիլիսին երիտասարդներին հնարավորություն է տալիս իմանալ, թե ինչ ես դու ընդունակ », – ոգևորված ասում է Գոհարը:
Մինչ համալսարան ընդունվելը նա գիտեր վրացերեն, բայց դժվարանում էր խոսել: Իսկ հիմա, նախապատրաստական կուրսից հետո, նա խոսում է միջինից բարձր մակարդակի վրացերենով:
«Ես սովորեցի քերականությունը, բժշկական տերմինաբանությունը: Իմ համակուրսեցիները թիֆլիսահայեր են, շատ են օգնում ինձ վրացերեն լեզվի ուսումնասիրման հարցում: Առաջին երկու շաբաթները շատ դժվար էին », – հուզված ասում է Գոհարը:
Իհարկե, դժվարություններն անխուսափելի են, բայց նա չի վախենում խնդիրներից և կարծում է, որ դրանք նրա համար են, որ հաղթահարեն:
«Եթե դժվարություններին նայես որպես խնդիր, երբեք չես կարողանա հաղթահարել դրանք: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու կյանքում դժվարությունները պարտադիր են, նրանք առաջ տանող խթան և շարժառիթ են հանդիսանում: Չեմ կարող հիշել մի դժվարություն, որն ինձ համար անհաղթահարելի լիներ », – ասում է Գոհար Գյուլմիսարյանը:
Հենց նման բնավորությունն օգնեց Գոհարին անմիջապես համաձայնվել, երբ առաջարկեցին աշխատել Առաջին հանրային հեռուստաընկերությունում, ազգային փոքրամասնությունների համար նախատեսված «Բազմազան Վրաստան» ծրագրում:
«Իմ աշխատանքը, կրթությունից հետո, ամենալավ բանն է, որ իմ 18 տարիների ընթացքում եղել է: Աշխատանքն ինձ շատ է օգնում՝ նոր մարդիկ, նոր վրացախոս հասարակություն, սա իմ համար շատ կարևոր է, քանի որ ուզում եմ ինտեգրվել: Եվ իմ աշխատանքն ամենալավ տարբերակն է, ես շփվում եմ և վրացիների և ադրբեջանցիների հետ »,- ասում է Գոհարը:
Գոհարը սովորում է բժշկություն, և աշխատում լրագրության ոլորտում: Նրան հաճախ են հարցնում, չի մտածում արդյոք նա իր մասնագիտությունը փոխելու մասին: Լրագրությունը Գոհարին շատ է դուր գալիս, բայց այս փուլում նա չի պատրաստվում փոխել իր մասնագիտությունը:
«Այն, թե ինչ կընտրեմ ես ապագայում, կախված է հանգամանքներից, որոնք ես հիմա չեմ կարող ասել»:
Գոհար Գյուլմիսարյանը կարծում է, որ նա շատ հնարավորություն և ներուժ ունի, որը կարող է իրագործել, և նրան մեծ ճանապարհ է սպասվում, սակայն այդ ճանապարհը, իր հայրենի Ախալքալաքի սահմաններից դուրս է:
Շուշան Շիրինյան