Հուլիսի 16-ին Ախալքալաքում տեղի ունեցավ «Ջավախք» ճամբարի բացումը: Շուրջ 8-15 տարեկան 170 երեխա հնարավորություն ունեն ոչ միայն ակտիվ հանգստի, այլև մեկ շաբաթ շփվելու սփյուռքահայ խմբապետների հետ:
«Ջավախք» ճամբարը 7 տարի շարունակ իրականություն է: Տարիների ընթացքում ավելի 3000 երեխա ճամբարականի կյանքով է ապրել: Սկզբնական շրջանում ճամբարը գործում էր միայն Ախալքալաքում և Ախալցիխեում, հետագայում ներառվել են Ծալկան և Նինոծմինդան:
«Երբ առաջին ճամբարը եղավ, մենք անփորձ էինք, բայց մեզ համար շատ հետաքրքիր էր խմբապետերի մոտեցումը, օրերն անցնում էին անակնկալներով լի և որ ամենակարևորն էր, ճամբարը կրթական էր, վերջում այնքան վառ տպավորություններով հեռացան, որ բարեկամական, ընկերական կապն առ այսօր պահպանվում է», – ասաց Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը:
Վերջինս նշում է, որ ճամբարի գլխավոր բաղկացուցիչն է Ջավախքի երեխաների և սփյուռքահայերի կապը, շփումը, որն արդեն բարեկամական կապերի է վերածվել:
Պատասխանատուների խոսքերով «Ջավախք» ճամբարը առանձնանում է իր ուսուցողական ծրագրերով: Ամեն տարի ճամբարականների համար օրվա ծրագիրը տարբեր է: Այս տարի հիմնական շեշտադրումը սփյուռքի գաղթօջախների մասին դասախոսություններն են: Ճամբարականների առօրյան հագեցած է հայկական ազգագրական երգերի ու պարերի ուսուցմամբ, մարմնամարզական ամենատարբեր խաղերով:
Յուրաքանչյուր տարի ճամբարի փակումը կայանում է հաշվետու համերգային ծրագրով, որտեղ երեխաները ներկայացնում են իրենց ճամբարական օրերի ընթացքում ձեռք բերած գիտելիքները: Ջավախք ճամբարի հաշվետու համերգը Ախալքալաքում տեղի կունենա հուլիսի 25-ին:
Ամերիկայի արևելյան և արևմտյան թևերից ժամանած երիտասարդները տպավորված են: Եվ ինչպես Քնարն է նշում, իրենք ոչ միայն սովորեցնում են երեխաներին, այլև սովորում են նրանցից:
«Մեր ամենակարևոր նպատակն է, որ գանք և այստեղի հայերին ցույց տանք, որ Ամերիկայում, սփյուռքում ապրող հայերը չեն մոռացած Ջավախքի մասին, կարևոր է որ երեխաները հայ մնան ու հպարտ մնան իրենց հայության մասին: Այս տարի մեր ծրագիրը կենտրոնացած է սփյուռքի մասին տեղեկություններով: Թե աշխարհի տարբեր անկյուններում ինչքան հայ կան և ինչպես են ապրում», – ասաց խմբապետ Քնար Չարշաֆյանը:
Ճամբարի 10 օրերի ընթացքում Ամերիկայից ժամանած խմբապետերից շատերը Ջավախքի բարբառով են խոսում: Հետաքրքրական մի փաստ, սփյուռքահայ երիտասարդները այնքան են սովորել, որ նույնիսկ ֆեյսբուքյան էջ են ստեղծել, որտեղ պարբերաբար ներկայացնում են Ջավախքի բարբառային բառերն ու բացատրությունը:
Աղունիկ Այվազյան