Խաչատուր Պետրոսյանը մտավոր խնդիրներ ունի, նրա բուժման կուրսը հոգեկան առողջության կենտրոնում արդեն ավարտվել է և նա վերադառնալու է Ախալքալաք, բայց երիտասարդը ոչ բնակվելու վայր, և ոչ էլ բարեկամ ունի: Ախալքալաքի քաղաքապետարանը փնտրում է Խաչատուրի համար կեցության վայր և խնամակալ, ով գոնե հագուստը կլվանա ու տաք ճաշ կտա:

Խաչատուր Պետրոսյանը ծնվել է 1981 թվականի մարտի 3-ին: նա Օլավերդ գյուղի Անիչկա և Երջանիկ Պետրոսյանների ընտանիքի միակ և որդեգիր զավակն է: Ծնողների մահանալուց հետո (արդեն 5 տարի) Խաչատուրը միայնակ է մնացել և առանց տանիքի: Գոյության միակ հույսը բարեխիղճ մարդիկ են ու 120 լարի հիվանդության դիմաց ստացած գումարն է:

«Բուժման կուրս է անցել, նրա պահվածքը նորմալ է, առհասարակ նա բարի մարդ է: Եթե պետք լինի տարին մեկ կամ երկու անգամ կուղարկենք, որ բուժման հերթական կուրս անցնի: Մենք փնտրում ենք խնամակալի, ով կհամաձայնի խնամել, իհարկե աշխատավարձով, հագուստը մենք կտանք, ամեն ինչ, գումար, միայն այդ տղան նորմալ պայմաններում ապրի», – ասում է Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Իսկ Օլավերդի գյուղապետը մեզ հետ զրույցում նշեց, որ այս օրերին գյուղում քննարկումներ են տեղի ունենում, որ ամբողջ գյուղում տեր կանգնեն Խաչատուրին:

«Գյուղում մի քիչ վախ կա, հանկարծ մարդկանց վնաս չտա, քաղաքապետարանը ևս ակտիվ աշխատում է այս ուղղությամբ, նրանք առաջարկում են, որ վագոն տնակ տրամադրեն և Խաչոն բնակվի Օլավերդում: Հարցը դեռևս քննարկման փուլում է, մոտակա օրերին հենց նորություն լինի տեղյակ կպահեմ»,- ասաց Օլավերդի գյուղապետ Ներսես Եսայանը:

Այս պահին Խաչատուրը գտնվում է հիվանդանոցում, բարեկամների հավաստմամբ, ամեն օր Թբիլիսիից զանգում են, որ բուժման կուրսն ավարտվել է, և նրան դուրս են գրել հիվանդանոցից:

Խաչատուրի քեռակինը արցունքն աչքերին մեզ պատմեց նրա կյանքի պատմությունը: Բանն այն է, որ նա ի ծնե տառապում է մտավոր թերզարգացումով:

«Տուն չունի, ոչինչ չունի, ինչքան հնարավորություն ունեմ նայում եմ, ծեր կին եմ, հիվանդ ամուսին ունեմ, չեմ կարող ինքս խնամել: Խաչոն շատ բարի է: Այդ վիճակին, հազար փորձության միջով է անցել, բայց էլի սրտացավ է: Ձեռքից շատ մաքուր է կապոցով փող դնես սեղանին, տուն մտնի ձեռք չի տա: Գալիս էր մեր տուն հաց ուտելու, բայց եթե տեսնում էր հյուր կա, ասում էր՝ ես գնամ, հետո կգամ, բայց ես գիտեմ հաց ուտելու է եկել»,- պատմեց Խաչատուրի քեռակինը:

Վերջինս դատապարտում է հասարակության ընդունած դիրքը հիվանդ մարդու նկատմամբ: Բանն այն է, որ մարդիկ օգտվելով Խաչատուրի վիճակից հաճախ ծաղրում են նրան, վիդեոնյութեր են տեղադրում համացանցում Խաչատուրի ներկայությամբ:

«Տարիքով մարդիկ ծաղրում են հիվանդին, եթե փոքրերը անեին, հասկանալի էր, երեխա են, բայց մեծերը չեն ամաչում: Խաչոյից ծիծաղելի ու անխելք հենց դրանց հեղինակներն են»:

Աղունիկ Այվազյան