Մերենիա գյուղի ծիսակատարությունների տան վերանորոգումը, որը խոստացել էին ավարտել մինչ հուլիսի 6-ը, ոչ միայն չավարտեցին, այլ նաև աշխատանքները կրկին դադարեցրին:

Այն մասին, որ Մերենիա գյուղի ծիսակատարությունների տան վերանորոգումը արդեն երկու տարի է ձգձգվում է jnews-ը գրել էր 2018թ.-ի հունիսի 26-ին: Մենք երկու անգամ եղանք շինհրարության վայրում: Առաջին անգամ չտեսանք շինարարներին, իսկ երկրորդ անգամ երեք մարդ աշխատում էին: Մեզ հետ զրույցում նրանք ասացին, որ առավելագույնը 10 օրից վերանորոգման աշխատանքները կավարտեն: Իսկ ՍՊԸ «Սամոսվալ-1» շինարարական ընկերության տնօրեն Խաչիկ Ավետիսյանը, մեզ հետ հեռախոսազրույցում հավաստիացրեց, որ աշխատանքները կավարտվեն մեկ շաբաթից: Սակայն, մինչ օրս աշխատանքները չեն ավարտվել, ավելին, նրանք դադարեցվել են:

Երբ մենք հուլիսի 5-ին կրկին այցելեցինք Մերենիա գյուղ, ծիսակատարությունների տան դուռը փակ էր: Բնակիչները կրկին վրդովված են վերանորոգման ձգձգման համար:

Ռոբերտ Քաղքցյանը շատ դժգոհ է այս իրավիճակից:
«Երեք տարի է վերանորոգում են, սա ինչ է: Ամեն անգամ հարևան գյուղերից օգնություն ենք խնդրում մեր մեռելներին թաղելու համար: 10 օր է արդեն չեն աշխատում: Ոչ ոք չի գալիս ստուգելու, թե արդյոք աշխատում են այստեղ, թե ոչ », – ասաց Ռոբերտ Քաղքցյանը:

ՍՊԸ «Սամոսվալ-1» ընկերության տնօրենը գտնում է, որ վերանորոգման ձգձգման համար մեղավոր են հենց գյուղացիները: Նրա խոսքերով, սկզբում գյուղացիները թույլ չեն տվել աշխատողներին տեղադրել սալիկները, քանի որ նրանց դուր չի եկել այն, հետո նրանք թույլ չեն տվել տեղադրել դռները: Դռները, որոնք նախատեսված էին նախագծով, գյուղացիների կարծիքով նեղ են, նրանք պահանջում են տեղադրել լայն դռներ:

Ընկերության տնօրենը նաև ավելացրեց, որ գյուղում մարդ էր մահացել և 4 օր այդ պատճառով չեն աշխատել, բացի այդ.

«Իմ աշխատողները սեփական դաշտերում զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքով, կավարտեն և կսկսեն աշխատել: Երկու օրից, հավանաբար կսկսեն աշխատանքները ծիսակատարությունների տանը: Մնացել է 4 օրվա աշխատանք: Իսկ այն, որ ես ժամանակին չեմ ավարտում, տուգանք եմ վճարում: Ամեն օր ավելանում է 17-20 լարի տուգանք, բայց դա չի վերաբերում գյուղացիներին: Մենք 3 պլաստիկ դռներ ենք պատվիրել (1 մ-ը 1.95 մ-ի), բայց նրանք թույլ չեն տալիս տեղադրել, ասում են նեղ է: Բայց ինչ կարող եմ անել, այդպես նախատեսված է նախագծով », – ասում է ՍՊԸ « Սամոսվալ -1 »-ի տնօրենը:

Մերենիա գյուղի ծիսակտարությունների տան վերանորոգման մրցույթը հաղթել է ՍՊԸ «Սամոսվալ -1»-ը: Տենդեր-մրցույթի համաձայն, Մերենիա գյուղի ծիսակատարությունների տան հետ միասին ընկերությունը նաև պետք է վերանորոգի Էխտիլա, Բեժանո, Արագվա և Խանդո գյուղերի ծիսակատարությունների տները: Բոլոր 5 օբյեկտների վերանորոգման համար շրջանը հատկացրել է 129 400 լարի:

Տենդեր-մրցույթի փոփոխությունների համաձայն, բոլոր աշխատանքների ավարտի վերջնաժամկետը (5 գյուղերում ծիսակատարություների տների վերանորոգումը) նշված է 2018 թվականի հունիսի 20-ը, սակայն պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականի հուլիսի 20-ից հետո:

Շուշան Շիրինյան
Գայանե Ակոջյան