Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից մեկը՝ Վարդավառը, իսկ երեխաները ապրում են իրենց ամենաուրախ օրերից մեկը։

Վաղ առավոտյան ցուրտ եղանակը Ախալքալաքի պատանիներին չէր խանգարում, որ դույլով սառը ջուրը լցնեին իրենց և անցորդների վրա։ Սակայն ժողովուրդը հավատում է, որ վարդավառին սառը ջուրը մարդկանց հոգիներն է ջերմացնում։

վարդավառ տեր հայր

վարդավառ տատի
Տոնի առթիվ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց պատարագ։ Տեր Տաթև քահանա Մարուքյանը եկեղեցու հավատացյալներին ներկայացրեց օրվա խորհուրդը։ Վարդավառի կամ Տեր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնի եկեղեցական խորուրդը հետևյալն է:

Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուսը նրանց առաջ պայծառակերպվում է: Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Սուրբ Եղիա մարգարեի հետ: Սքանչելի տեսարանից զմայլված՝ Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»:

վարդավառ 4

վարդավառ երեխա

Վարդավառը հայ ժողովրդի հնագույն տոներից է եղել: Նախաքրիստոնեա հայերը ևս նշել են այս տոնը: Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցաբանության ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։

վարդավառ 5

Վարդավառի խորհուրդը նաև եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին։ Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։

վարդավառ 3

Ջավախքցիները Վարդավառին ուխտագնացություն են կազմակերպում դեպի Աբուլ լեռ: Ոտքով հաղթահարում են 3301 մ. բարձրությունը, սուրբ գագաթի մոտ մոմ վառում, աղոթք հղում: Ուխտավորներից ոմանք գիշերում են Աբուլ լեռան գագաթին՝ բարձունքից լուսաբաց դիմավորում, ապա ուխտն ի կատար են համարում:

abul 2

abul 8

Սոնա Տոնականյան