Այսօր Կարծախ գյուղում տոն էր. նշվում էր Աշուղ Ջիվանուն և նրա ստեղծագործական ուղուն նվիրված օրը:

Տոնակատարությունների սկիզբն ազդարարվեց Կարծախի Սուրբ Կարապետ եկեղեցում տրվող պատարագով, որից հետո պաշտոնատար անձիք և հյուրերը գյուղում գտնվող աշուղ Ջիվանու կիսանդրիի մոտ ծաղիկներ խոնարհեցին: Այնուհետև այցելեցին մեծն կարծախցու տուն-թանգարան: Թանգարանի գիտաշխատող Հասմիկ Սաղաթելյանը հյուրերին ողջունեց և ներկայացրեց Ջիվանու կյանքն ու ստեղծագործական ուղին Կարծախում և ոչ միայն:

jivani 7

jivani 5

Տոնի մշակութային մասը, ավանդույթի համաձայն, անցկացվում է գյուղի բարձրադիր վայրերից մեկում, որտեղ հատուկ բեմահարթակ է ստեղծված: Այստեղ էին ժամանել հյուրեր ոչ միայն Ջավախքի տարբեր գյուղերից, այլ նաև Հայաստանից: Օրվա մշակութային մասում հանդես եկան Կարծախի և Դամալա գյուղերի պարի խմբերը, «Ջավախք» երգի և պարի համույթը, տեղացի անհատ կատարողներ: Մշակութային համարներով հանդես եկան հյուրեր Գերմանիայից և Հայաստանից, իսկ օրվա վերջում հանդիսատեսին անակնկալ մատուցեց Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլը Թովմաս Պողոսյանի և աշուղ Լեյլու հետ միասին:

jivani 3

jivani 4

Տոնի առթիվ Կարծախ էին ժամանել Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Կախա Սամխարաձեն, ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք հայրենակցական միության» նախագահ Շիրակ Թորոսյանը: Պաշտոնատար անձաց կազմում էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը և այլք:

jivani

jivani 6

jivani 2

Օրն ավարտվեց գյուղի հանդիսությունների տանը, որտեղ հյուրասիրություն էր կազմակերպված հյուրերի համար:

Սոնա Տոնականյան
Վրեժ Գոգորյան