Ռիմա Մառանգոզյանը սովորում է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Իր ինտեգրման պրոցեսի հետ մեկտեղ, նա սկսեց աջակցել նաև Ջավախքի հայերի ինտեգրմանը:
Ռիմա Մառանգոզյանը չէր երազում լրագրող դառնալ, նա ուզում էր դառնալ լեզվաբան և սովորել գերմաներեն, բայց…
«Այնպես ստացվեց, որ ես ընդունվեցի համալսարան և միայն այդ ժամանակ իմացա, որ լեզվաբանության ֆակուլտետ այնտեղ չկա: Երկրորդ կուրսում, վրացերեն լեզվով տերմինաբանությունը սովորելու համար, արդեն անհրաժեշտ էր ընտրել մասնագիտությունը: Սկզբում ուզում էի ընտրել իրավաբանի մասնագիտությունը, հետո զգացի, որ դա իմը չէ: Ես աչքերս փակ մատս տարա ցուցակին և կանգ առա լրագրության վրա: Չեմ ափսոսում, բայց ամեն դեպքում սովորելու եմ գերմաներենը», – ասում է Ռիմա Մառանգոզյանը:
Ռիմա Մառանգոզյանն առաջին կուրսում ուսման հետ մեկտեղ սկսում է աշխատել առաջին հանրային ալիքում՝ «Բազմերանգ Վրաստան» ազգային փոքրամասնությունների ծրագրում: Ծրագրի նպատակն է Վրաստանի ազգային փոքրամասնություններին հնարավորություն տալ ինտեգրվել Վրաստանի հասարակություն և մայրենի լեզվով տեղեկատվություն ստանալ Վրաստանում տեղի ունեցող դեպքերի մասին: Նա վեց այլ երիտասարդների հետ միասին, հայերենով, վարում էր ծրագիրը:
Նա շատ բան սովորեց աշխատելով, բայց նաև շատ բան կորցրեց ու ափսոսում է, որ չի կարողացել լիովին նվիրվել ուսմանը:
«Բնականաբար ես շատ բան եմ սովորել` խմբագրում, հոդվածներ գրել, տեսախցիկով աշխատել, բացի այդ վրացերենս բարելավվեց: Մենք հաղորդակցվում ենք վրացերենով, սկզբում թարգմանությամբ էի զբաղվում», – ասում է Ռիման:
Նա աշխատում էր ժամը 12:00-ից մինչ 00:00: Ամեն օր նա ուներ 3 ժամ պարտադիր հեռարձակման ժամանակ: Սակայն անհրաժեշտ էր նաև նախապատրաստվել եթերին՝ գտնել նյութեր և պատրաստվել: Դա ևս շատ ժամանակ էր պահանջում:
«Առաջին կուրսում շատ նախագծեր կային որոնցում ես չկարողացա մասնակցել: Դրանցից մեկը Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը ստաժավորում անցնելն էր: Դեսպանատանը աշխատելը ինձ շատ բան կարող էր տալ», – ասում է Ռիման:
Ռիման վրացերենի իմացության իր գիտելիքները գնահատում է բավարար, սակայն ձգտում է ունենալ լիարժեք գիտելիքներ, քանի որ զգում է, որ դա նույնպես խանգարում է իրեն ուսման մեջ:
«Դասախոսը չի հարցնում հերթականությամբ, այլ հարցեր է տալիս, ու ես մինչ իմ մտքում ձևակերպում եմ պատասխանը, ինչ-որ մեկը տեղից արդեն պատասխանում է, ու ես դրանից կոմպլեքսավորվում եմ», – ասում է նա:
Ռիմա Մառանգոզյանը Թբիլիսիում ապրում է իր եղբոր հետ, ով Իլյա Ճավճավաձեի անվան համալսարանի ուսանող է:
Նա վերջերս բարդ ընտրություն կատարեց, հրաժարվեց աշխատանքից, ուսման վրա կենտրոնանալու համար:
Շուշան Շիրինյան