Այսօր, հունիսի 28-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ։ Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացման անհարժեշտությունը:
ՀՀ դեսպանը նախ շնորհավորել է նորանշանակ արտգործնախարարին պաշտոնի ստանձնման առթիվ, հաջողություններ մաղթել և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական բարեկամական հարաբերություններն առավել կխորանան։
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են բարձր մակարդակի փոխայցելություններին, երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, զբոսաշրջությանը և այլն։
Իր խոսքում դեսպան Սադոյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և այն հնարավորություններին, որոնք ընձեռում է այդ համաձայնագիրը։ Իսկ Նախարար Զալկալիանին իր հերթին նշել է, որ հաշվի առնելով այդ ուղղությամբ վրացական կողմի կուտակած փորձը, բարեկամ Հայաստանը կարող է մշտապես ակնկալել Վրաստանի աջակցությունը։
Հայաստանի դեսպանը ներկայացրել է նաև այս տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի վերաբերյալ մանրամասներ, ինչին ի պատասխան` նախարար Զալկալիանին նշել է, որ Վրաստանն այդ խոշորամասշտաբ միջոցառմանը ներկայացված կլինի բարձր մակարդակով։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ՝ խոսելով այն քայլերի մասին, որոնք հնարավորություն կտան մոտ ապագայում կազմակերպել հանձնաժողովի նիստը։
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին գոհունակությամբ է փաստել, որ վերջին տարիներին Վրաստանում հայաստանցի զբոսաշրջիկների և այցելուների թվի աճ է գրանցվում։
Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը