Այս տարի Ախալցիխե-Ախալքալաք մայրուղին չի վերանորոգվի, փոխարենը կվերանորոգվի Ախալքալաքից մինչև Հայաստանի սահման տանող ճանապարհը։

Ախալցիխե-Ախալքալաք մայրուղին, մասնավորապես Ախալքալաքի մոտակա հատվածը (մոտավոր 50-60 կմ) վարորդների համար վտանգավոր է դարձել, ճանապարհին չկա այնպիսի հատված, որ վնասված չլինի, կամ մեծ փոսեր չլինեն։

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնեցին, որ այս տարի Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհը չի վերանորոգվի, սակայն ըստ նրանց կլինի «ճանապարհի խնամք և պահպանում»։

Փոխարենը կվերանորոգվի Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի 98-112 կմ հատվածը, այսինքն մինչև Հայաստանի սահմանն ընկած հատվածը։

Չնայած այն հանգամանքին, որ նախկին ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն Ախալքալաք այցի ժամանակ հայտարարել էր, որ Ախալքալաք-Նինոծմինդա-Բավրա ճանապարհի վերանորոգման տենդեր-մրցույթն արդեն հայտարարած, այսօր Վրաստանի ճանապարհային վարչությունից հայտնեցին, որ դեռ հայտարարված չէ, բայց կհայտարարվի մոտակա օրերին։

Գայանե Ակոջյան