Նինոծմինդայի շրջանի Ղուլալիս գյուղում Նալբանդյանների ընտանիքում պահվում է ձեռագիր ավետարան, որը վերանորոգման կարիք ունի։

ձեռագիր

Ջավախքում հաճախ են հանդիպում մարդիկ, ովքեր տներում սուրբ անկյուններ ունեն և այդ անկյուններում սրբապատկերների նկարների հետ նաև սուրբ գրքեր՝ ավետարաններ, նարեկներ, համայիլներ ու այլ պարագաներ են պահում։

Նալբանդյանների ընտանիքում պատմությունը մի քիչ այլ է։ Այս տանն է ապրել տարածաշրջանում հայտնի բախտագուշակը (ֆալչին), ով ոչ միայն գուշակություններ է արել, այլ նաև մարդիկ հավատացել են, որ նա կարող է հեքիմություն ևս անել և տարբեր հիվանդություններով մարդկանց են բերել բախտագուշակի մոտ։ Այդ գուշակությունների և հեքիմության արդյունքում, շատ մարդիկ որպես շնորհակալություն տարբեր նվերներ են բերել։ Ավետարանը ևս այդ ճանապարհով է հասել այս տուն։ Սակայն ընտանիքում այս գիրքը համարում են ընտանեկան ժառանգություն և հավատացած են, որ եթե տանից դուրս բերվի այս գիրքը ընտանիքում դժբախտություն կկատարվի։

Բախտագուշակը մահացել է մի քանի տարի առաջ: Այսօր նրա ժառանգությունը պահում է հարսը:
ձեռագիր3

Ավետարանը այսօր պահվում է խոհանոցում, ամանների համար հատկացված պահարանում, որտեղ խաչեր սրբապատկերներ և այլ գրքեր կան։ Սովորության համաձայն, գիրքը փաթաթում են կտորի մեջ։ Ավետարանը վերանորոգման կարիք ունի, առաջին վերջին էջերը չկան, շատ էջեր խառն են դասավորված, որոշ մանրանկարներ պարզ երևում են, սակայն գրքի էջերի մի մասը իրար է կպած և վտանգավոր է առանձնացնել։

ձեռագիր7

ձեռագիր5

Ղուլալիս գյուղի այս տան խոհանոցում, ոչ միայն ձեռագիր ավետարանն է պահվում, այլ նաև հմայիլ, լատինատառ գրությամբ փոքր գիրք և այլ իրեր։

ձեռագիր10

ձեռագիր6

Անկախ պահպանման վայրից և գործածված նպատակից, Ավետարանի յուրաքանչյուր էջ առանձնահատուկ արժեք է և ցավալի է, այն որ գրքի երկար ժամանակ գործածելուց կամ մոմերի և ծխի մեջ պահելուց հետո էջերը վնասվել են։ Ընտանիքի անդամներից հետաքրքրվեցինք, թե գիրքը պահպանելու արդյոք համապատասխան միջոցներ կիրառել են, պարզվեց որ անգամ այդ մասին չէին էլ մտածում, միայն ասում են, որ տանը պահելն անվտանգ է։

ձեռագիր8

ձեռագիր1

Ջավախքն առանձնահատուկ է իր սրբատեղիներով, յուրաքանչյուրը ստեղծման իր հիմքն ունի, մեկը երազ է տեսել՝ մատուռ կառուցել, մյուսը ավետարան է ունեցել՝ տան անկյունում սրբատեղի է ստեղծել… Սակայն Ջավախքի հոգևոր և մշակութային հարստությունը ոչ ուսումնասիրվում է, և ոչ էլ պահպանվում:

ձեռագիր9

Սոնա Տոնականյան