Ախալքալաքի շրջանում կառուցվում է ոռոգման երկու համակարգ, մոտ ապագայում նախատեսվում է ևս երկու համակարգերի կառուցում։
Ոռոգման համակարգի բացակայությունը Ջավախքում գյուղատնտեսության կարևորագույն հիմնախնդիրներից մեկն է եղել: Շրջանի ոռոգման համակարգի անհրաժեշտության մասին բազմիցս գրվել են հանձնարարականներ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, նաև շատ անգամ ֆերմերներն ու իշխանության ներկայացուցիչներն ասում էին, որ համակարգը անհրաժեշտ է բերքատվության համար։
Ախալքալաքի շրջանի շատ գյուղերում կարտոֆիլի դաշտերը ջրում են այլ գյուղերի և Ախալքալաքի ջրատարի հաշվին, ֆերմերները ստիպված էն ծակել ջրատար խողովակները։ Իսկ որոշ գյուղերում հույսը դնում են Աստծո կամ էլ անձրևոտ եղանակի վրա։
Սակայն անցած տարվանից Վրաստանի կառավարությունն սկսեց զբաղվել այս խնդրով։ Պետական ծրագրով ամբողջ Վրաստանի տարածքով մեկ սկսվեց ոռոգման համակարգերի շինարարություն ու վերականգնողական աշխատանքներ, այս գործընթացը սկսվեց նաև Ջավախքում։
Ոռոգման համակարգի կառուցումը պետական ծրագրով իրականացնում է «Վրաստանի մելիորացիայի համակարգերի միացյալ ընկերություն» ՍՊԸ-ն։ Այս կազմակերպության ներկայացուցիչը Ջավախքում Վլադիմիր Խմալաձեն է։ Նրա խոսքերով ոռոգման համակարգի առաջին նախագիծը Ջավախքում իրականացվել է անցյալ տարի։ Այն ժամանակ կառուցվել էր մելիորացիայի համակարգ Նինոծմինդայի շրջանում՝ Օրլովկա և Սպասովկա գյուղերում։ Տվյալ նախագծի տենդերը այն ժամանակ շահել էր «Օպտիմուս գրուպ» ընկերությունը։
Ախալքալաքի շրջանում ոռոգման համակարգը անցյալ տարի սկսեցին կառուցել Լոմատուրցխ գյուղում։ Այս համակարգը ոռոգման ջրով պետք է ապահովի նաև Կոկիա, Ղադոլար, Տուրցխ, Կոթելյա, Խանդո գյուղերը։ Այս նախագիծը նույնպես իրականացնում է
«Օպտիմուս գրուպ»-ը, սակայն նախագիծը դեռ անավարտ է։
Այս տարի արդեն իսկ սկսվել են ոռոգման համակարգի շինարարական աշխատանքներն այլ ուղղությամբ: Կառուցվում է համակարգ Խոսպիո գյուղում, որը ջրով է ապահովելու Խուլգումո, Կուլիկամ, Չամդուրա, Մուրջախեթ, Վաչիան և Դիլիսկա գյուղերը։ Տվյալ նախագծով տենդերը ստացել է «Մամիսոնի» ընկերությունը։
Ըստ նախագծի վերականգնվում են պոմպակայանները և կառուցվում են ջրանցքներ: Որոշ տեղերում ջուրը կհոսի ինքնուրույն, որոշներում պոմպերի և պոմպակայանների միջոցով։
Եթե, օրինակ, Լոմատուրցխի դեպքում կառուցվում է ինքնահոս ոռոգման համակարգ, ապա Խոսպիայի դեպքում պոմպակայանը անհրաժեշտ է։
«Լոմատուրցխում ամբարտակ կա, այդպիսով ջուրը բարձրանում և թափվում է ջրանցք։ Իսկ Խոսպիայում առանց պոմպի չի ստացվում։ Մուրջախեթ գյուղի մոտ ջուրը սակավ է, դրա համար եթե պոմպ լինի ջուրը կբարձրանա։ Ինքնահոս է և Օրլովկա գյուղում։ Պոմպ կլինի նաև Կիրովական և Զակ գուղերում», – բացատրեց Վլադիմիր Խմալաձեն։
Ինչ վերաբերում է կատարված աշխատանքների որակին, ապա այդ հարցը հսկում է «Վրաստանի մելիորացիայի համակարգերի միացյալ ընկերություն» ՍՊԸ-ն։ Ընկերության Սամցխե-Ջավախքի ներկայացուցիչ Վլադիմիր Խմալաձեն ասում է, որ տարբեր ընկերություն կատարում է տարբեր որակի աշխատանք։
Անցյալ տարվա աշխատանքները Լոմատուրցխում կանգնեցվեցին ցրտերի նաև ոչ որակյալ աշխատանք կատարելու պատճառով։
«Ինչպես է իր աշխատանքը կատարում «Մամիսոնի» ընկերությունը, ինձ դուր է գալիս, իսկ Լոմատուրցխինը՝ ոչ, նաև Օրլովկաինը՝ ոչ։ Ես չստորագրեցի Լոմատուրցխի նախագիծը, այն այդպես էլ մնաց։ Այս տարի շարունակելու են, աշխատանքները դեռ չեն սկսել։ Ես արգելեցի նրանց շարունակել աշխատանքները, քանի որ սկսվել էին սառնամանիքներ և բետոնը կարող էր քանդվել։ Այս աշխատանքները պետք է վերջացվեն մինչ ոռոգման աշխատանքների սեզոնը։ Մինչ ոռոգման համակարգի վերականգնումը մենք չէինք կարող մարդկանց ոռոգման ջուր տալ», – պատմեց «Վրաստանի մելիորացիայի համակարգերի միացյալ ընկերություն» ՍՊԸ-ի Ջավախքի սերվիս կենտրոնի տնորեն Վլադիմիր Խմալաձեն։
Շուտով նախատեսվում է նաև կառուցել նոր ոռոգման համակարգ Զակ և Կիրովական գյուղերում, ինչպես նաև Հոքամ և Կարծախ գյուղերում։ Խմալաձեի խոսքերով նախագծերը պատրաստ են և շուտով կհայտարարվի տենդեր, որից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։
Քրիստինե Մարաբյան