Գումբուրդոն՝ թերևս միակ գյուղն է, որ Ջավախքում նշում է Զատկին հաջորդող բոլոր կիրակիները: Ապրիլի 12-ին այստեղ նշեցին Սուրբ Զատիկը, Կրկնազատիկը, Կանաչ և Կարմիր կիրակիները:
Կանայք ու երեխաները վաղ առավոտից ուխտի են գնում Կանաչ մատուռ կամ Թախուտա ժամ: Մինչև կեսօր Կանաչ մատուռի մոտ է հավաքվում գրեթե ամբողջ գյուղը:
Ջավախքում այս գյուղն առանձնանում է մնացածներից՝ այստեղ ամեն եկեղեցական արարողություն ու ժողովրդական ավանդություն առանձնակի ոգևորությամբ ու շուքով է նշվում: Այս տարի Սուրբ Զատիկը և Զատիկին հաջորդող կիրակիները Գումբուրդոում նշեցին ապրիլի 12-ին, քանի որ երիտասարդ էր մահացել և գյուղը սգի մեջ էր:
Եկեղեցական այս տոները Գումբուրդոյում ստացել են ժողովրդական երանգ: Կանաչ կիրակին Գումբուրդոյում աղջիկների և տղաների համար գոնե իրար հեռվից տեսնելու եզակի առիթ է: Սոնա տատին ասում է. «Լավ է, որ ջահելությունը իրար տեսնելու առիթ է ունենում: Մեր գյուղում աղջիկները տնից դուրս չեն գալիս: Խեղճ տղաները որտեղ տեսնեն նրանց»:
Գումբուրդո գյուղում 18-ից մինչև 40 տարեկան աղջիկներն ու կանայք այսպես ասած «չգրված» օրենքի համաձայն չեն խոսում անծանոթների և տղամարդկանց հետ: Եվ բնականաբար սա լավագույն առիթներից է տղաների համար, ինչպես ասում են «աչք դնելու» իրենց ապագա ընտրյալներին:
Մինչ տղամարդիկ մատաղի պատրաստություն են տեսնում, կանայք սեղան են գցում, երեխաները խաղեր են խաղում, վազվզում են այս ու այն կողմ, իսկ երիտասարդ աղջիկներն ու տղաներն այդ ընթացքում հասցնում են մի քանի խոսք փոխանակել: Այնուհետև սկսվում է տոնախմբությունը: Ժողովրդական, աշուղական և ժամանակակից երգերի նվագակցության ներքո սկսում են պարել: Տարվա նորահարսների սկեսուրները երաժշտություն են պատվիրում և պարի հրավիրում հարսներին: Սկեսուրները ժողովրդական լեզվով ասած «շաբաշ» են տալիս հարսներին, ջահել աղջիկներին և պարացնում: Պարողներից ոմանք գետնին էին նայում, իսկ դա նշանակում է, որ հենց նրանք են նորահարսերը:
«Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու խորհրդով այս կիրակի նշում ենք Նոր Զատիկը, այսինքն, որ Տիրոջ հարությունը նորից է այսօր հիշվում: Հիշվում է, որ եկեղեցին հաստատվեց հիմնվեց, աճեց և զորացավ: Ամեն մարդ նախ պետք է իր հոգու մեջ Քրիստոսի Հարությանը հավատա և կնքվի այդ հավատքով, խորհրդով: Մեր հավատքը, ավանդույթները մինչև օրս պահպանում ենք»,- պատմեց Խաչատուր Համազարյանը:
Գումբուրդոն հայտնի է նաև «Քրտնած քար» կոչվող սրբավայրով: Քրտնած քարը գտնվում է ժայռաբեկորի մեջ: Այս սրբավայրի մասին գյուղում լեգենդներ են պտտվում: Սուրբ Հարության գիշերը երիտասարդությունն անցկացնում է Քրտնած քարի մոտ: Վերջիններիս պատմելով գիշերը, երբ օրը փոխվում է, քարը խոնավանում է և նրանից գոլորշի է բարձրանում, որը տևում է մոտավոր 3-4 ժամ: Երիտասարդները թաց քարը սրբում են թաշկինակով: Գյուղում ընդունված ավանդույթի համաձայն նույն թաշկինակով 7 տարի շարունակ, եթե սրբում ես քրտնած քարը, ապա երազանքդ իրականանում է:
«Լույսը դեռ չծագած այդ քարը քրտնում է և խորհրդանշում է Քրիստոսի հարության իմաստը: Երիտասարդները քարը սրբում են: Ասում են զորություն կա, ես ինքս չեմ արել, բայց լսել եմ: Դա էլ գալիս է մարդկանց հավատքից: Միգուցե քարն էլ է վկայում մեր Տիրոջ հարության մասին: Ինչպես Քրիստոսն ասաց. եթե մարդիկ լռեն, քարերը պիտի աղաղակեն: Աստծո համար անկարելի բան չկա»,- պատմեց Խաչատուր Համազարյանը:
Սուրբ Զատկին հաջորդող 2-րդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կամ Կանաչ Կիրակի: Աշխարհամատուռ նշանակում է երևելի մատուռ կամ Եկեղեցի: Աշխարհամատուռը հիշեցնում է քրիստոնեության առաջին մատուռը, որը հիմնվեց Վերնատանը կից, առաքյալների կողմից: Կանաչ անվանումը բնության մեջ ծաղկող, ծլարձակող և աճող կյանքի խորհուրդն ունի, որը կենդանություն և թարմություն է տալիս աշխարհին և մարդկությանը:
Աղունիկ Այվազյան