Ախալքալաքի կենտրոնական Խաս Բախչա այգում նշեցին Եվրոպայի օրը։
Այսօր կեսօրին Խաս Բախչա այգին մարդաշատ էր՝ նշում էին Եվրոպայի օրը։ Միջոցառման կազմակերպիչը Եվրամիության և ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի Ախալքալաքի գրասենյակն է։
Այգու կենտրոնում իրենց ներկայացուցչական սեղաններն էին տեղադրել Եվրամիության և ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը, Վրաստանի ազգային պաշտպանի Սամցխե-Ջավախքի գրասենյակը և Ախալքալաքի զարգացման խումբը (LAG): Յուրաքանչյուր կազմակերպության աշխատակից կանգնած էր իր սեղանի մոտ և պատմում էր իրենց գործունեության մասին, բաժանում Վրաստանի և Եվրամիության դրոշակներ, Եվրոպայի մասին պատմող բուկլետներ և փուչիկներ։
Այգում տոնական տրամադրություն էր։ Երեխաներն ուրախանում էին, աղմկում, նկարվում, պարում և խաղում փուչիկներով։
Կազմակերպիչներն անցկացրին նաև վիկտորինա, տրվում էին հարցեր Եվրամիության մասին։ Ճիշտ պատասխանող մասնակիցներին տրվեցին գրքեր, գրիչներ, շապիկներ և Եվրամիության խորհրդանիշով բաժակներ։
Մայիսի 5-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ Վրաստանում նշվելու է Եվրոպայի օրը։ Եվրամիության և ՆԱՏՕ-ի Ախալքալաքի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Թեոնա Զուրաբաշվիլիի խոսքերով, սա հնարավորություն է տալիս տեղեկատվություն տարածել մուտքի ազատականացման, Եվրամիության միֆերի մասին, ինչպես նաև բաժանել «Վրաստանի ճանապարհը Եվրոպական միություն» վերնագրերով գրքեր։
Իսկ տաք, արևոտ եղանակով սկսված տոնն ավարտվեց մայիսյան հորդառատ անձրևով։
Շուշան Շիրինյան