Ախալքալաքի շրջանի Ալաստան գյուղում բնակիչները մեծ խնդրի առջև են կանգնած։ Կարտոֆիլը չեն կարողանում վաճառել, այն արդեն փչանում է: Ոմանք աղբանոց են տարել իրենց բերքը:
«Ինչ անենք, ամբողջ տարին աշխատեցինք, տանջվեցինք, հիմա էլ դուրս ենք թափում, մայիսն է արդեն, եղանակները տաքացել են, կարտոֆիլը սկսել է ծլել ու թոշնել», – ասում են Ալաստան գյուղի բնակիչները։
Այն մարդիկ, ովքեր դեռ դուրս չեն թափել, կարտոֆիլը պահեստներում պահած հույսով սպասում են, որ գոնե ցածր գնով, բայց կկարողանան վաճառել։
Ամբողջ շրջանն է կանգնած այս խնդրի առջև։ Խնդրի լուծման նպատակով սույն թվականի մարտի 15-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը հանդիպում են ունեցել գյուղերի լիազորների, մասնագետների, պատգամավորների և հասարակ բնակչության հետ: Մկոյանը նշել էր, որ համատեղ աշխատանքի շնորհիվ, Վրաստանի Կառավարությունը որոշում է ընդունել արգելել թուրքական կարտոֆիլի ներմուծումը Վրաստան:
Սակայն հիմա էլ գյուղի բնակիչները ասում են, որ ներկա դրությամբ կարտոֆիլը ներմուծում են Աֆրիկայից, այդ իսկ պատճառով էլ տեղի արտադրությունը չի վաճառվում։
«700 կգ սերմացու եմ գնել, 1 կգ արժեքը 1 լարի էր, 110 լարիի պարարտանյութ եմ գնել, կոլորադյան բզեզի դիմաց դեղ եմ գնել 17 լարիի, անձրևի պատճառով երկու անգամ եմ դեղել, 70 լարիի բուկլից եմ կատարել, բերքահավաքին ծախսել եմ 110 լարի և ունեցած կարտոֆիլը վաճառելով մեր եկամուտը կազմել է 580 լարի։ Ամբողջ տարին տանջվել ենք, աշխատել և արդյունք չենք ունեցել», – ասաց Կուլիկամի բնակչուհի Հասմիկ Այվազյանը։
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնում մեզ տեղեկացրին, որ այն հողագործները, ովքեր մեծ քանակությամբ կարտոֆիլ են ունեցել, հիմնականում վաճառել են և ներկա դրությամբ չունեն նմանատիպ խնդիր: Իսկ այն բնակիչները, ովքեր մինչև հիմա ունեն կարտոֆիլ, հիմնականում սպասել են գնի աճին, կամ չեն կարողացել վաճառել։
Գայանե Ակոջյան