Ծնելիությունը Ախալքալաքի շրջանում վերջին տարիներին նվազել է, ըստ շրջանային հիվանդանոցի վիճակագրության ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ։
Ըստ հետազոտությունների վերջին 20 տարիների ընթացքում Կովկասում նախընտրում են ունենալ տղա երեխա: Այսպիսով՝ Հարավային Կովկասում չեն ծնվում կամ «անհետանում» են հազարավոր աղջիկներ՝ ապագա կանայք։ Հետազոտողները այս երևույթը անվանել են «Անհետացած կանայք»։
Հարավային Կովկասում վերջին 20 տարվա ընթացքում սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հետևանքով չի ծնվել 154 000 աղջիկ: Իսկ կանանց քանակը յուրաքանչյուր 100 տղամարդու հաշվով վերջին 10 տարիներին նվազել է։ 2002-ից 2012 թիվը այդ քանակը Ադրբեջանում նվազել է 2,5%-ով, Հայաստանում՝ 2,2%-ով և Վրաստանում՝ 2%-ով։ Եվրամիության երկրներում կանանց քանակը 100 տղամարդու հաշվով կազմում է 0,5%։
Ավելի պարզ կարելի է այսպես ասել. Ադրբեջանում յուրաքանչյուր 100 աղջկան «բաժին է ընկնում» 117 տղա, Հայաստանում՝ 115 տղա և Վրաստանում 114: (տվյալները Jump Start Georgia կազմակերպության հետազոտություններից են, feradi.info կայքից)։
Կոնյակ, աչքալույս, շնորհավորանքներ և երջանիկ ծնողներ՝ այս ամենը լինում է, երբ ծնողներն ու բարեկամները իմանում են, որ ընտանիքում շուտով տղա է ծնվելու։ Հնագույն ժամանակներից սկսած տղամարդն է համարվում ազգի և ազգանվան շարունակողը, բազմացնողն ու ժառանգը։ Ընդունված է համարել, որ արու զավակն է ընտանիքի ու ծնողների մասին հոգ տանողը։
Լաց ու կոծ, արցունքներ, նորությունից տխրած բարեկամներ և շուտափույթ արհեստական ընդհատման որոշում: Այսպես է ընդունվում հաճախ աղջիկ երեխայի ծննդյան լուրը հայ ընտանիքներում։ Ընտանիք, որտեղ շատ դստրեր են ծնվել և ոչ մի արու զավակ, ախալքալաքցիները համարում են մեռնող։
Բժիշկները Ախալքալաքում պնդում են, որ գենդերի պատճառով աբորտ չի արվում։ Ըստ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի կառավարչի խոսքերի, մեկ տարվա ընթացքում հիվանդանոցում անցկացվում է մոտ 100-110 հղիության արհեստական ընդհատում։ Ալեքսանդր Թորոյանի խոսքերով արհեստական վիժումների տվյալ քանակը չի կարող ազդել տղամարդկանց և կանանց քանակի հարաբերակցության վրա։
Ըստ բժիշկների ներկայացրած տեղեկատվության հաճախ են արհեստական ընդհատման դիմում առաջին երեխայից հետո, հիմնականում չեն ծննդաբերում 3-րդ, 4-րդ, 5-րդ երեխաներին։ Ըստ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի կինեկոլոգ Զոյա Ռաիսյանի վերջին տարիներին նվազել է ոչ միայն հղիության արհեստական ընդհատումների քանակը, այլ նաև ծնելիության մակարդակը։
«Երեխայի սեռը չի ճշտվում, չի որոշվում մինչ հղիության 12 շաբաթը, դեռ չի երևում։ 12 շաբաթից հետո կարելի է իմանալ ինչ սեռի է երեխան, բայց արհեստական ընդհատում արդեն չի կարելի անել։ Թույլատրվում է արհեստական ընդհատում կատարել մինչ 12 շաբաթական հղիությունը։ Անցյալ տարի ծնվել է 458 երեխա։ 2012 թվին՝ 560, 2013 թվին՝ 532, իսկ 2015-ին մինչ օրս ծնվել է 85 երեխա։ Ելնելով տվյալ վիճակագրությունից անցյալ տարի ունեցել ենք 242 տղա և 216 աղջիկ։ Տղա ավելի շատ է ծնվում, սակայն նրանք հետագայում ավելի շատ են մահանում։ Քանի որ տղաները ավելի շատ են ռիսկի ենթարկվում կյանքում՝ դա սպորտն է, դա մեքենաներն են, կռիվները», – ասում է Զոյա Ռաիսյանը։
Ծնելիության նվազումը պայմանավորված է տարբեր պատճառներով ընտանիքի սոցիալական վիճակից մինչև բնակչության արտագաղթը։ Ըստ բժիշկների ծնելիության նվազման հիմնական պատճառը բնակչության նվազումն է։ Եթե առաջներում արտագնա աշխատանքների էր մեկնում ոչ վերարտադրողական տարիքի բնակչությունը, ապա հիմա մեկնում են երիտասարդները։
Ծնելիության կտրուկ նվազումը հաստատում են բժիշկների ներկայացրած թվերը։
«Վրաստանում շատ է նվազել ծնելիությունը, նույնիսկ Ախալքալաքի շրջանում դեռ 20 տարի առաջ ծնվում էր 1800 երեխա, իսկ հիմա մոտավորապես 460 երեխա, 4 անգամ ավելի քիչ։ Վրացական մյուս շրջաններում ծնելիությունը ավելի քիչ է, քանի որ գոյություն ունի այսպիսի սոցիալական գործոն, ինչպիսին է ուշ ամուսնությունը։ Վրացուհիները ամուսնանում են շատ ավելի ուշ, քան հայուհիները, որոնք հասցնում են ունենալ 2-ից 3 երեխա, իսկ վրացուհիները ամուսնանում են 35 տարեկանից հետո և հասցնում են ծննդաբերել մեկ երեխա», – ասում է Զոյա Ռաիսյանը։
Ժողովրդագրական անկում ապրած երկրներում հղիության արհեստական ընդհատումը համարվում է անցանկալի երևույթ, սակայն ամբողջությամբ արգելել ծնողի այդ որոշումը պետությունը չի կարող։ Վրաստանում վերջին տարիներին արվում են նորամուծություններ, որոնք պետք է նպաստեն կանանց աբորտից հրաժարմանը։
«Կինը գալիս է, ախտորոշվում է, որ նա հղի է և ուզում է արհեստական դադարեցնի հղիությունը։ Մենք բացատրում ենք, որ աբորտը կարող է բերել որոշ բարդությունների մի կողմից և, որ լավ է ծննդաբերի այդ երեխային, մյուս կողմից, տալիս ենք 3-5 օր։ Հղին գալիս է արհեստական ընդհատման այդ ժամանակահատվածից հետո արդեն հաստատուն որոշմամբ: Մենք խորհուրդ ենք տալիս խորհրդակցեն հարազատների ու մտերիմների հետ», – ասում է գինեկոլոգ Զոյա Ռաիսյանը։
Jump Start Georgia կազմակերպությունը, որը ուսումնասիրել էր ծննդաբերությունը Հարավային Կովկասում որոշել է նաև ընտրովի ծննդաբերության(տղաների) հնարավոր հետևանքները։ Կազմակերպությունը օրինակ է բերում, որ մինչ 2035 թվականը Հարավային Կովկասում ամուսնանալ ցանկացող տղամարդկանց քանակը ավելի շատ կլինի, քան կանանց քանակը։ Կամ էլ թրաֆիկինգի հնարավոր աճը, կամ գենդերային բռնության շատացումը և այլ հետևանքներ։
Քրիստինե Մարաբյան