Ապրիլի 5-ին, ինչպես աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում, այնպես էլ Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցում մատուցվեց Սուրբ Հարության տոնական պատարագ: Օրվա պատարագիչը՝ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանն էր:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնացույցով նշանավորվեց նաև Ջավախքում:

5

Սբ. և Անմահ պատարագի ավարտին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանը եկեղեցում ներկա հավատավոր ժողովրդին շնորհավորեց Սբ. Հարության տոնի կապակցությամբ. «Այս գեղեցիկ տոնի առթիվ մաղթում եմ Ձեզ հոգեպես ամրություն և տոկունություն: Թող հարության այս լուրը հույս, հավատ և սեր պարգևի Ջավախք լեռնաշխարհի ժողովրդին»:

6

Պատարագի ավարտին օրհնվեց զատկական հավկիթները և բաժանվեց եկեղեցում ներկա հավատավոր հայորդիներին:

3

Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և պատասխանում՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:

1

Սուրբ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է և ամենախոշորը, և նվիրված է Հիսուս Քրիստոսի Հարությանը: Ըստ հայ եկեղեցու Առաքելական կանոնների 8-րդ հոդվածի՝ պետք է «քառասուն օր պաս պահվի, եւ ապա տոնվի Զատիկը կամ Քրիստոսի Հարությունը»։

4

Զատիկը նշվում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը եւ տոնվում մարտի 22-ից հետո մինչեւ ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում: Զատկին հաջորդում է մեռելոցը (ննջեցյալների հիշատակի օր), որն տեղի է ունենում տոնի հաջորդ երկուշաբթի օրը։

Տոնական պատարագի ավարտին Սուրբ Խաչ Եկեղեցու բակում տեղի ունեցավ մատաղի օրհնության արարողություն, որը բաժանվեց ժողովրդին: