95 տարեկան Սեդրակ Աբրահամյանը՝ Թամանյանական դիվիզիայի մարտիկը այսօր արցունքն աչքերին, հաղթանակի զգացումը վերապրելով պատմում է պատերազմի մասին։
Մանկավարժական տեխնիկումի վերջին կուրսից զորակոչվել է խորհրդային բանակ և 1942-ից երկրորդ աշխարհամարտի մասնակից է դարձել։ Կամավոր չի գնացել, սակայն կռվից չի խուսափել ու 3 անգամ վիրավորվել է: Գլխի հատվածում չբուժվող վերքը մինչ այսօր ընտանիքի անդամները մշակում են։
Վետերանին հարցրինք, թե երիտասարդության տարիներից ի՞նչն է ամենաշատը տպավորվել․ «Մանկավարժական տեխնիկումը, պատերազմը գազանություն է, երիտասարդությունը պատերազմում ավարտվում է», – պատասխանեց 95 ամյա վետերանը։
Սեդրակ Աբրահամյանը ծնունդով Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղից է, 1962 թվականից տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել քաղաք Ախալքալաքում։ Նախքան պատերազմ զորակոչվելը հայրենի գյուղում սիրած աղջիկ է ունեցել, սակայն, երբ վերադարձել է, սիրելին արդեն ուրիշի հետ է ամուսնացած եղել։
Պատերազմից հետո ամուսնացել է և 5 զավակ ունեցել, կնոջ մահվանից հետո երկրորդ անգամ է ամուսանացել։ Ախալքալաքում բազում պաշտոններ է զբաղեցրել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում։ Թամանյանական դիվիզիայի մարտիկը երկար տարիներ Ջավախքի վետերանների միության նախագահն է եղել։
Պատերազմը Սեդրակ Աբրահամյանի համար Կովկասյան լեռներից մինչև Բեռլին ընկած ճանապարհն է։ Հիշում է ծանր մարտերի է մասնակցել, նույնիսկ վիրավորված ժամանակ վիրակապով շարունակել է մարտնչել։ Պատերազմը նրան ժամանակից շուտ հասունությունից բացի շատ ընկերներ է տվել։ Հիշում է Թամանյանական ջոկատի ընկերների հետ Երևանում հաճախակի է հանդիպել։
Սեդրակ պապի տեղեկություններով Ջավախքից 1500 հոգի է մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին։ Ամենադժվար օրերը Կերչում անցկացրած 4 ամիսն է եղել․ անդիմակայելի սովի և պատերազմական անմարդկային պայմանները խիստ տպավորված են վետերանի հիշողության մեջ։
Այսօր Սեդրակ պապը հպարտ է, որ պատերազմում հաղթել և հայկական քոչարի է պարել հաղթանակած տարածքներում, հպարտանում է իր ընտանիքով՝ զավակներով, թոռներով ու ծոռներով։ Իրեն հարուստ մարդ է համարում և ասում է, որ այլևս նման անմարդկային պատերազմ չի լինի, քանի որ ժամանակներն ավելի քաղաքակիրթ են դարձել։ Սեդրակ պապը, լսողության խնդիր ունի, սակայն կարողանում է ինքնուրույն քայլել և մտածված խոսել։ Նա համոզմունք հայտնեց, որ հաջորդ տարի և գոնե մոտակա 5 տարիներին մենք պետք է հանդիպենք և զրուցենք պատերազմի և այլնի մասին։
Սոնա Տոնականյան