Ապրիլի 1-ից մինչև 26-ը, Վրաստանի ազգային թանգարանի երկու սրահներում բաց է նկարչական ցուցահանդես` հայ-վրացական մշակութային միջպետական ծրագրի շրջանակներում:
Ապրիլի մեկին Վրաստանի Ի. Գրիշաշվիլիի անվան պատմության թանգարնում, որը Ազգային թանգարանի մաս է կազմում բացվեց ցուցահանդես և կայացավ եռալեզու «Հին Թիֆլիս. Նկարներ քաղաքի կյանքից. MARGINALIA» կատալոգի շնորհանդեսը: Կատալոգը կազմված է՝ հայերեն, վրացերեն և ռուսերեն լեզուներով:
Ցուցահանդեսին ներկայացված է ինքնուս ստեղծագրոծողներ՝ Կարապետ Գրիգորյանցի (1870-1943), Վանո Խոջաբեկովի (1875-1922) և Վաղարշակ Էլիբեկյանի (1910-1994), ավելի քան 100 աշխատանք:
Ցուցահանդեսը բացվեց հայ-վրացական՝ նոր, լայնամաշտաբ ծրագրի շրջանակներում, որն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության, Վրաստանում Հայաստանի դեսպանության, Վրաստանի ազգային թանգարանի և «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի հովանու ներքո:
Նախագիծն իրականացվում է՝ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության, Հայաստանի մշակույթի նախարարության, Վիրահայոց թեմի և Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Աշոտ Արսենյանի ֆինանսական աջակցությամբ:
Նախագծի հեղինակն ու ծրագրի ղեկավարն է՝ Իռենա Օհանջանովան, իսկ կոորդինատորը՝ Ժաննա Սարուխանովան:
Կարապետ Գրիգորյանցը, Վանո Խոջաբեկովը և Վաղարշակ Էլիբեկյանը՝ ինքնուս ստեղծագործողներ են, որոնց ստեղծագործական գործնեությունը կապված է Վրաստանի հետ: Չնայած տարբեր արտահայտչամիջոցների և չկրկնվող, անհատական հայացքների, յուրաքանչյուր հեղինակի ստեղծագործություն առանձնահատուկ, գունեղ նկարագրություն է՝ 19-րդ դարի սկզբներից մինչև 20-րդ դարի Թիֆլիսի մասին:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 26-ը:
Էդիտա Բադասյան