Այսօր Թբիլիսիի «Կանանց տեղեկատվական կենտրոնի», Շրջանի կանանց խորհրդի և հասարակական կազմակերպությունների հանդիպումներում քննարկվեց Ախալքալաքի շրջանում գենդերային հավասարության ապահովման գործողությունների ծրագիրը:
«Կանանց տեղեկատվական կենտրոնը» օգնում է Կանանց տեղական խորհուրդին մշակել 2018-2019թթ.-ի գենդերային հավասարության զարգացման գործողությունների ծրագիր:
Ախալքալաքի շրջանի կանանց խորհուրդը ձևավորվել է այս տարի: Խորհրդում կան 7 հոգի, որոնցից 6-ը Սակրեբուլոյից են, մեկը` քաղաքապետարանից:
Զարգացման գործողությունների ծրագիրը նախատեսում է մի շարք միջոցառումներ, որոնք քաղաքապետարանը պետք է իրականացնի գենդերային հավասարության հասնելու համար:
«Մենք ուզում ենք հստակ հասկանալ, թե կանայք ինչ խնդիրներ ունեն և ինչպիսի հնարավորություններ ունի շրջանը կանանց խնդիրները լուծելու և գենդերային հավասարությունը բարելավելու համար ինչ քայլեր է պետք ձեռնարկել», – ասում է «Կանանց տեղեկատվական կենտրոնի» աշխատակից Մայա Կուպրավա-Շարվաշիձեն:
Խորհրդի անդամները հանդիպման ընթացքում ներկայացրին հետևյալ խնդիրները. Կանանց պասիվությունը, գործազրկությունը, գյուղերում մանկապարտեզների բացումը, դպրոցներում քաղաքացիական կրթության մակարդակի բարձրացումը, միայնակ կանանց, տղամարդկանց խնդիրները և այլն:
Խորհրդի հետ հանդիպումից հետո Կենտրոնի աշխատակիցները քննարկումներ անցկացրեցին Ախալքալաքի ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների հետ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները առաջարկեցին կոնկրետ քայլեր, որոնք շրջանը կարող է անել գենդերային իրավահավասարությունը բարելավելու համար:
«Կանանց տեղեկատվական կենտրոնը» կվերլուծի այսօրվա հանդիպումների ժամանակ ստացված տեղեկատվությունը և առաջարկությունները կներկայացնի Ախալքալաքի շրջանին: