Հայաստանում շարունակվում են բողոքի ցույցերը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակման դեմ:
Այսօր, ապրիլի 19-ին, առավոտից ցուցարարները սկսեցին իրենց երթը և փորձեցին արգելափակել կառավարության №3 շենքը, մարդկանց թույլ չտալ մտնել աշխատավայրեր: Այդ ժամանակ տեղի ունեցավ բախում ցուցարարների և ոստիկանության միջև: Հայկական ԶԼՄ-ների տվյալներով, մոտ 20 հոգի ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանական բաժանմունքներ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարներն շարժվեցին Երևանի փողոցներով և բոլորին կոչ էին անում միանալ իրենց: Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ ոստիկանները սկսել են վերջին շարքերից ձերբակալել երիտասարդներին և տեղափոխել ոստիկանական բաժանմունքներ:
Ընդդեմ ոստիկանների նման գործողությունների Նիկոլ Փաշինյանը առաջ քաշեց «Սերժին դեմ ես, սիգնալ տուր» նոր կարգախոսը: Ցուցարարները շարժվում էին Իսակովի և Արշակունյաց փողոցներով, մի քանի ժամ կաթվածահար անելով այդ փողոցները ավտոմեքենայի և այլ ազդանշանների ձայներով:
Ներկա պահին ձերբակալվածներից մի քանիսն արդեն ազատ են արձակվել, իսկ մյուսների հետ աշխատում են փաստաբանները:
Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակման դեմ բողոքի ցույցեր են անցկացվում Գյումրիում, Վանաձորում և Հայաստանի մի շարք այլ շրջաններում:
Ներկա պահին ցուցարարների երթը շարունակվում է, և ժամը 19: 00-ին Հանրապետության հրապարակում սպասվում է լայնամասշտաբ հանրահավաք: