Ջավախքում տարեցտարի հացահատիկայինների ցանքատարածությունն ավելանում է:

Ջավախքցիների առօրյան փոխվել է, սկսվել են գարնանային աշխատանքները։ Աշխատասեր ջավախքցիները պարկերով գարին տանում են դաշտեր։ Ով ինչպես կարողանում ցանում է, կամ մեծ տրակտորներով, կամ էլ ձեռքի տրակտորով։

«Արդեն մի շաբաթ է սկսել ենք ցանել, մի սոտի համար նախատեսվում է 3-4 կգ գարի», – ասաց Բալխոյի բնակիչներից մեկը։

Այն տղամարդիկ, ովքեր պետք է գնան Ռուսաստան արտագնա աշխատանքի, ավելի են շտապում գարին ցանել, որպեսզի այդ ծանր աշխատանքը իրենց փոխարեն կանայք չանեն։

andrey zak

gari

«Այս տարի Ախալքալաքում խիստ ձմեռ չեղավ, գարունը շուտ եկավ, ապրիլ ամսին հողը արդեն չոր էր և մեկ շաբաթ է հացահատիկի ցանքը սկսվել է։ Այստեղ գարնանը հիմնականում գարի են ցանում, իսկ ցորենը աշնանը։ Մեկ շաբաթվա արդյունքներով մեր մունիցիպալիտետում արդեն 2000 հեկտար գարի է ցանվել։ 2013 թվականից, ինչ մենք աշխատում ենք Ախալքալաքում ամեն տարի զգում ենք հացահատիկայինների ցանքատարածությունների ավելացում», – ասաց Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեն:

Մասնագետը նշում է, որ մեկ հեկտարի համար նախատեսված է 300-400 կգ սերմ։ Այն դաշտերում, որոնցում կարտոֆիլ է աճեցվել, նպատակահարմար է 300-350 կգ սերմ ցանել, քանի որ հողը մշակված է և բերքատվությունը լավ կլինի, իսկ չմշակված հողում՝ 400 կգ։

Անցած տարի գարու միջին բերքատվությունը կազմել է 1800-2000 տոննա։ Այս տարի Ախալքալաքում հացահատիկի նորամուծություն կա, Կիրովական գյուղում հեկտար ու կես կտավատ են ցանել։ Ջավախքի ֆերմերներին առաջարկվում է զբաղվել այլ կուլտուրաների մշակմամբ։

Մինչև 5 հեկտար հացահատիկ ցանելու դեպքում, Ռամազ Գոգոլաձեյի խոսքերով, պետությունը ապահովագրում է բերքը։

mashina zak
Գայանե Ակոջյան