Ախալքալաքի շրջանի Զակ գյուղում բոլորը պատրաստվում են մեկնել Ռուսաստան կամ Ղազախստան արտագնա աշխատանքի: Տղամարդիկ պատրաստվում են մեկնել աշխատելու, իսկ կանայք՝ սպասելու ու աշխատելու:
Այս գյուղ կարելի է հասնել 30 րոպեում, որտեղ ապրում է 378 մարդ՝ 90 ընտանիք: Առաջինն, որ աչքի է ընկնում, դա փակ դռներն և լքված տներն են:
Գյուղում շատ քիչ են զբաղվում գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ: Տղամարդիկ իրենց ընտանիքները կերակրելու համար արտագնա աշխատանքի են գնում Ռուսաստան, Ղազախստան:
Տիգրան Աղաբալյանը դառնությամբ ասում է, որ հեռանալը դժվար է, բայց այստեղ էլ աշխատանք չկա, իսկ ընտանիքը պետք է կերակրել:
«90 ընտանիքից 15-20-ում մեծահասակներ են: Մնացած ընտանիքների հիմնական եկամուտը դրսից է: Միգուցե, եթե տեղում աշխատանք գտնեին մնային: Բայց հիմա մարդիկ իներցիայով գնում են այստեղից », – ասում է Տիգրան Աղաբալյանը:
Գյուղում մանկապարտեզ չկա: Երեխաներն հաճախում են հարևան՝ Արագվա գյուղի մանկապարտեզ:
«Այս խնդիրը ավելի նկատելի է դառնում, երբ գյուղի տրամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի: Տղամարդ չի մնում, որ երեխաներին մանկապարտեզ տանի », – ասում է Պողոս Աղաբալյանը, ով ամեն տարի մեկնում է արտագնա աշխատանքի:
Հարկ է նշել, որ Զակում դեռ պլանավորված չէ մանկապարտեզի բացում:
Գյուղի երիտասարդները բողոքում են, որ գյուղում սպորտային խմբակներ չկան:
Մուշեղի խոսքերով, եթե իրենց գյուղում, մասնավորապես դպրոցում, բացեն մարզասրահ, այնտեղ կկարողանային նաև հաճախել Բուղաշեն, Տրկնա և Բալխո գյուղերի երիտասարդները:
Այս տարի գյուղում ընդամենը երեք հարսանիք է եղել: Գյուղում վերջին անգամ տուն գնվել է հինգ տարի առաջ:
Գյուղում կա եկեղեցի, որը 15 տարի առաջ վերանորոգվել է բարերարների կողմից, իսկ մինչ այդ շենքը օգտագործվել է որպես պահեստ: Գյուղն ունի իր սեփական ավազնոցը: Զակում կա հին գերեզմանոց, որտեղ կան 1850 թ.-ի գրություններով տապանաքարեր:
Գյուղում կա խմելու ջուր, թեև բնակիչների կարծիքով, ամռանը լինում են սահմանափակումներ և խնդիրներ: Ջուրը գյուղ է բերվել Ռուսաստանում ապրող ծնունդով Զակցի բարերարների կողմից:
Չնայած արդեն մեկ ամիս է Թուրքական կարտոֆիլի ներմուծումը արգելված է, սակայն Զակ գյուղում դեռևս շատ կա չիրացված կարտոֆիլ:
Արթուրը դժգոհում է, որ ունի 3 տոննա կարտոֆիլ վաճառքի համար և չգիտի, թե ինչ պետք է անի:
«Աշնանը որքան կարողացա այնքան վաճառեցի: Հիմա չի վաճառվում: Շատերն ինձ նման հիասթափված են ու այս տարի չեն ուզում կարտոֆիլ ցանել: Փակել են, բայց էլի գնորդներ չկան », – ասում է Արթուրը:
Հայկազ Ղարիբյանը ասում է, որ գյուղում աղբարկղերի և գիշերային լուսավորության կարիք կա:
«Այդպես արդեն անհնար է, ամենուր աղբ է, ով ուր ուզում է աղբը շպրտում է: Բացի այդ, գայլերը լուսավորություն չլինելու պատճառով մտնում են գյուղ: Մի քանի տարի առաջ լուսավորման վեց սյուն տնկեցին, բայց աշխատում են միայն երկու լուսարձակիչը: Խոստացան, որ տարեցտարի կավելացնեն այդ թիվը, բայց չարեցին », – դժգոհում է Հայկազ Ղարիբյանը:
Փորձեցինք պարզել, արդյոք հնարավոր է Զակ գյուղում աղբարկղեր և լուսավորություն ավելացնել: Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ Զակ գյուղի մոտ, ճանապարհին հնարավոր է ավելացնել աղբարկղեր, բայց գյուղի մեջ ոչ, քանի որ աղբարկղերը տեղադրվում են միայն այնտեղ, որտեղ ասֆալտապատ է:
Արդեն տեղի է ունեցել գյուղերում լուսավորության անցկացման տենդեր- մրցույթ: Այն հաղթել է թբիլիսյան ՍՊԸ «Մուրին» ընկերությունը: Առայժմ ընթանում է փաստաթղթերի ընտրություն- գնահատումը: Զակ գյուղը նույնպես այդ գյուղերի ցուցակում է, որտեղ կավելացվեն գիշերային լուսավորության սյուները: Զակում կավելացվեն 5 լուսավորման սյուն:
Շուշան Շիրինյան