Ախալքալաքում «Խելացի տեսախցիկները» տեղադրվել են 2017 թվականից, սակայն մինչ օրս դրանք օգտագործվում են միայն ոստիկանության ընդհանուր տեսանելիության համար, վարչական իրավախախտումները դեռ չեն արձանագրում:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, Ախալքալաքում տեղադրվել է 18 «խելացի տեսախցիկ»: Վրաստանում այդ տեսախցիկների ներդրումը նպատակ ունի բարձրացնել ոստիկանության աշխատանքի և հանցագործության դեմ պայքարի գործում բարձր տեխնոլոգիաների դերը:
ՆԳՆ-ից ստացված պատասխանի մեջ նաև ասվում է, որ «խելացի տեսախցիկների» վարչական իրավախախտումների ամրագրման գործառույթը, այսինքն՝ ճանապարհային կանոնների խախտումների ավտոմատ ռեժիմով տեսախցիկների վրա գրանցումը կկատարվի աստիճանաբար, այն բանից հետո երբ «ճանապարհային ենթակառուցվածքները լիովին կվերականգնվեն»:
Նախագիծն իրականացվում է Ներքին գործերի նախարարության համատեղ գործողությունների կենտրոնի կողմից, որը բացվել է 2016 թվականի հոկտեմբերի 4-ին, և հանդիսանում է Ներքին գործերի նախարարության տեխնոլոգիաների կենտրոնացված կենտրոն:
«Խելացի տեսախցիկներն» արձանագրում են երթևեկության կանոնների խախտումներն, ինչպես նաև դրանց օգնությամբ հնարավոր կլինի մանրամասն վերահսկել մեքենայի մուտքը և ելքը: Տեսախցիկները տեղադրվել են Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորմամբ:
Շուշան Շիրինյան