Մարտի 24-ին Ջավախքի արաջնորդական փոխանորդության դահլիճում կայացավ Մկրտիչ Քթոյանի առաջին տպագրված գրքի շնորհանդեսը, ներկայացվեց գրողի «Ջավախք, անցյալի էջեր» գիրքը:

Շնորհանդեսին ներկա էին Ջավախքի մտավորականներ, գրականության և մշակույթի ճանաչված դեմքեր, տեղական իշխանության, ինչպես նաև տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:

«Գրող, հրապարակախոս, լրագրող, ազգագրության մեջ իր ուրույն տեղն ունեցող, նաև Ջիվանական օրերի հիմնադիր, անձնավորություն ով գուցե միայն հրատարակված գրքի պակաս ուներ, խոսքը Քթոյանի մասին է», – ահա այս բառերով գրողին բնութագրեց Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, միաժամանակ ավելացնելով. «Սա մեր ազգագրության կարևոր էջերից է, կարևորում ենք այս գիրքը, որովհետև Ջավախքի պատմությունը, մեր հայ հատվածի պատմությունն այնքան քիչ ունի տպագրված ստեղծագործություններ, որ նույնիսկ մենք մեր ոչ հեռավոր պատմության մասին գաղափար չունենք»:

Գրքի շնորհանդեսի ժամանակ Ժորա Սնխչյանը «Վերնատուն» հայ գրողների միության անդամի տոմս փոխանցեց Մկրտիչ Քթոյանին:

«Ջավախք, անցյալի էջեր» գիրքն իր տեսակով դժվար է ասել ինչ ժանրի ստեղծագործություն է, ավելի մոտ է գրական ակնարկների ժողովածուի, որի մեջ Ջավախք աշխարհի պատմությունն է, ազգագրություն, 1918թ. Ջավախքի հերոսական անցյալից մինչև բնակչության կենցաղային խնդիրներ:

«Սա մի գիրք է, որտեղ ամփոփված է Ջավախքի պատմությունը, ոչ հեռավոր անցյալի էջերը»,- իր խոսքում նշեց Ջավախքի փոխառաջնորդ՝ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանը:

Գրքի հեղինակն իր շնորհակալական խոսքում կարևորեց բարերարների կողմից կատարած աշխատանքը Ջավախքում, սակայն ցավով նշեց, որ վերջիններիս ուշադրությունից դուրս է մնացել մշակույթը: «Ժողովուրդը եթե մշակույթ չունի, չունի նաև ապագա: Մեր մոտ մշակույթը դոփում է տեղում: Այսօր գիրք գրողներ չկան, նույնիսկ գրախանութ չկա Ախալքալաքում, զարմանալի բան է», – ասաց Մկրտիչ Քթոյանը:

Քթոյան ստեղծագործողը հեղինակ է ևս 12 գրքերի, որոնք սպասում են տպագրության իրենց հերթին…

Աղունիկ Այվազյան