Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում երեխաները ապրում են երջանիկ, երիտասարդները զբաղմունքի փնտրտուքներում, իսկ մեծերը առատ բերքի և բարձր վարձատրվող արտագնա աշխատանքների հույսերով:
Ախալքալաքից 28 կմ հեռու, հյուսիսի բարձունքներում է գտնվում Բեժանո գյուղը, որտեղ սարերին ուս ուսի հենված ծնվում, սովորում, աշխատում, ապրում, արտագաղթում կամ մահանում են մարդիկ։
Բեժանոն ունի հորդառատ աղբյուրներ, որոնց ջրերը միանալով դարձել են Բեժանո Չայը, իսկ գյուղի Լենկա և Կարանդա ավերակներից սկիզբ է առնում Բեժանո (Ճանճղա) գետը, որը Ախալքալաքում, միանալով Թափարվան գետին, հոսում է դեպի Կուր գետ:
Գյուղը հայտնի է Սբ. Մինաս եկեղեցիով՝ հիմնադրված 1830-ականներին։ Բեժանոյի բնակիչները մինչև նոր եկեղեցու կառուցումը ծիսակատարությունները կատարել են գյուղի «Կարմիր Ժամում», այն կառուցված էր կարմրագույն սրբատաշ քարից, կիսավեր պատերը դեռ կանգուն են: Այժմ ուխտատեղի է: Բեժանոցիների համար ուխտատեղի է նաև գյուղից դուրս, սարի բարձունքի սրբատեղին, որը 5-ից 8-րդ դարերի կառույց է, սրբատեղին հայտնի է «Վանք անունով»։ Այս տարածքում հանդիպում ենք նաև հայկական նախաքրիստոնեական մշակութային հետքի։
Գյուղացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է։ Մշակում են հացահատիկ, գազար և կարտոֆիլ։ Դժվարությունները շատ են, սակայն գյուղացիները քիչ են դժգոհում։ Ընտելացել են նույնիսկ սառը գետում բերքը լվանալուն։
Մենք հանդիպեցինք Պալյան Խաչիկին, ով գետում գազար էր լվանում, ասում է, որ լվացած բերքը ավելի շուտ է փչանում, բայց շուկայում թուրքական գազարի հետ մրցակից լինելու համար կարևոր է նաև տեսքը։
Գյուղացիներից ոմանք զբաղվում են նաև ձկնաբուծությամբ։
Բեժանոյի գյուղական ակումբում գործում է գյուղի անունը կրող ազգագրական պարի խումբը։ Գյուղում հասանելի է համացանցը, սակայն դրան զուգահեռ երեխաների համար իրական մանկություն ու կենդանի խաղեր կան։
Երիտասարդների համար չկան ժամանցի վայրեր։ «Գյուղում քիչ չեն երիտասարդները, սակայն անգործության են մատնված, հիմնական մասը գնում է արտագնա աշխատանքի կամ ուսանող է, սակայն նրանք ովքեր գյուղում են ապրում, զբաղվելու ոչինչ չունեն, նույնիսկ սպորտային ակումբ չկա, գնացողներին մեղադրել չի կարելի», – ասում է Բեժանոյի բնակիչ Պետյա Գրիգորյանը։
Սոնա Տոնականյան