Շուրջ երկու տարի է Ախալքալաք քաղաքի դպրոցներում մանդատուրիները վերահսկում են դպրոցի կարգն ու կանոնը: Վերջերս նրանց լիազորությունների շրջանակն ընդլայնվեց: Ախալքալաքում ոչ միանշանակ են վերաբերվում մանդատուրի ծառայությանը

Մի ծնող, ում որդին 4-րդ դասարանում է սովորում, չի կարողանում համակերպվել, որ ամեն անգամ իր երեխայի հետևից գնալուց պետք է մանդատուրիներին տեղյակ պահի, ինչի՞ է դպրոց մտնել, ի՞նչ է ուզում և այլն:

«Ամեն անգամ երեխայիս հետևից գնալուց պարտադիր պետք է մանդատուրիներին տեղյակ պահեմ, սա ինձ նյարդայնացնում է, լինում է տեղում չի լինում պետք է սպասեմ, անպայման տեղյակ պահեմ», – ասաց 4-րդ դասարանի աշակերտի ծնողը:

Ի տարբերություն անցած երկու տարիների, հիմա արդեն մանդատուրիների լիազորությունների շրջանակն ընդլայնվել է: Ծառայությունը դարձել է ավելի անկախ և ավելի լեգիտիմացված: Մանդատուրին նշանակվում է, ոչ թե դպրոցի տնօրենի, այլ մանդատուրիների ղեկավարի կողմից: Աշակերտների միջև կոնֆլիկտները չեզոքացնելու և դպրոցից դուրս եղած հակամարտությունները կանխելու համար մանդատուրիները անչափահասի ձերբակալման դեպքում պարտավոր են անմիջապես տեղեկացնել ծնողներին, իսկ հանցագործության դեպքում` ոստիկանությանը: Նրանք իրավունք ունեն ստուգելու աշակերտներին, ժամանակ առ ժամանակ տնօրինության իմացությամբ: Նրանք ուսումնական պրոցեսին չեն խառնվում, այլ հակառակը երեխայի հետ ընկերանում են, զրուցում, խոսում, որ հասկանան աշակերտի վարքի պատճառները:

Ախալքալաքի դպրոցներից մեկի տնօրենը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ մանդատուրիների աշխատանքը լավագույնս նպաստում է դպրոցներում ուսումնական պրոցեսի մակարդակի բարձրացմանը:

«Սկզբնական շրջանում մանդատուրիների աշխատանքը մենք էլ մի տեսակ խորթ ընդունեցինք: Սկզբում, թե մենք, թե իրենք լիակատար պատկերացում չունեինք մանդատուրիների աշխատանքի մասին: Եվ մեր, և երեխաների մոտ լարվածություն կար, բայց հետզհետե ամեն ինչ հարթվեց: Ժամանակը ցույց տվեց, որ մանդատուրիների աշխատանքը շատ արդյունավետ էր և կարևոր», – ասաց դպրոցի տնօրենը:

Ուսուցիչներից մեկն իր խոսքում նշեց. «Շատ լավ է, որ հսկողություն է տարվում, որպեսզի աշակերտները որևէ բան դպրոց չբերեն, իրար չվնասեն: Օտար մարդկանց մուտքը դպրոց բացառվում է: Իհարկե սա լավ է, բայց թե մյուս կողմից էլ քեզ անընդհատ հսկող աչքերը սահմանափակում են»:

Մանդատուրիները պարբերաբար ուսուցիչների հետ շրջայց են կատարում, վերահսկողություն են տանում դպրոցի բակում, միջանցքներում, ամենուր: Աշակերտը դասի ժամանակ չի կարող անտեղի դուրս գալ, պարտադիր պետք է տեղյակ պահի մանդատուրիներին:

Աշակերտները դժգոհում են. «Նույնիսկ դասից չենք կարող փախնել, ոչ մի հետաքրքրություն չկա: Ամեն անգամ բացատրություն պիտի տաս, ինչի ես ուշացել, ինչի դպրոցից դուրս եկար և այլն»:

Մանդատուրիներն էլ իրենց հերթին նշում են, որ դժվար է այդքան երեխաներին անուն առ անուն մտապահել:
«Սկզբից շատ դժվար էր, երեխաների անունները խառնում էինք, բայց հիմա արդեն բոլորին ճանաչում ենք, նույնիսկ ծնողներին ու բարեկամներին: Սա արվում է երեխաների անվտանգության համար: Պատահում է դեպքեր, երբ ծնողը զանգում է, որ ինքը չի կարող գալ երեխայի հետևից, փոխարենը բարեկամուհին է գալիս, եթե երեխան փոքր է, մինչև ծնողի կողմից լիազորված անձը չգա, մենք երեխային դուրս չենք թողնի», – ասաց մանդատուրիներից մեկը:

Աղունիկ Այվազյան