76–ամյա Գրիշա Տեփոյանը ոտքով գնում է Մոսկվա, որպեսզի մայիսի 9-ին ծաղիկներ դնի անհայտ զինվորի շիրմաքարին, նվիրելով իր երթը 1941-1945 թթ. ֆաշիստական Գերմանիայի դեմ մղված կռվում զոհված իր հոր և ազգականների հիշատակին:
Այսօր առավոտյան ժամը 10:30–ին Գրիշա Տեփոյանն սկսեց, ավելի ստույգ շարունակեց ճանապարհը դեպի Մոսկվա: Մինչ այդ նա օրհնություն ստացավ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, ուր նրան ճանապարհելու էին եկել նաև ազգականները:
Թոշակառու՝ Գրիշա Տեփոյանն իր երթը սկսել էր երեկ, Ալաստան գյուղից: Նա ծնվել է 1938թ սեպտեմբերի 18-ին, Ալաստան գյուղում, սակայն արդեն 45 տարի է ապրում է Երևանում և Հայաստանի քաղաքացի է: Գրիշա Տեփոյանը մասնագիտությամբ շինարար է, ամուսնացած է, ունի երկու երեխա, չորս թոռ և չորս ծոռ:
Երեկ, մարտի 23-ին, ժամը 13:30–ին Գրիշա Տեփոյանը, դեպի Մոսկվա իր ճանապարհը սկսեց Ալաստանի հայրական քանդված տնից: Նա ոտքով հասավ Ախալքալաք, քայլելով 27 կմ տարածություն: Ժամը 17:00–ին արդեն Ախալքալաքում էր:
Գրիշա Տեփոյանը նպատակ էր դրել ոտքով հասնել մինչև Մոսկվա և անցնել այն ճանապարհը, որը պատերազմի ժամանակ անցել էին նրա հայրը և հորեղբայրները: Իր երթը նա նվիրում է Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին:
«Իմ հայրը և չորս հորեղբայրներս գնացին պատերազմ ու չվերադարձան: Իմ նպատակն է ոտքով հասնել Մոսկվա ու ծաղիկներ դնել անհայտ զինվորի շիրիմին: Իմ այս արարքը ես նվիրում եմ հորս և նրա եղբայրներին, ջավախքցիներին և բոլոր վրացիների հիշատակին, ովքեր պատերազմից չեն վերադարձել»,- ասում է Գրիշա Տեփոյանը:
Տեփոյանի բարեկամները, հաշվի առնելով նրա պատկառելի տարիքը, դեմ էին նրա այս քայլին, սակայն չեն կարողացել ետ կանգնեցնել նրան:
Գրիշա Տեփոյանի խասքերով, երկու տարի պատրաստվել է այս գործողությանը և վստահ է իր առողջության վրա:
«Ես շատ համառ մարդ եմ, նրանք չկարողացան ինձ կանգնեցնել: Ես պարապել եմ ու մեկ ժամում կարողանում եմ անցնել 15-ից մինչև 40կմ: Երևանից ոտքով քայլել եմ մինչև Աբովյան և Չարենցավան: Հաշվարկել եմ, որ մեկ ժամում քայլում եմ 5 կմ, ուստի օրական կանցնեմ 60կմ: Հուսով եմ, որ Մայիսի 8-ին կլինեմ Մոսկվայում»,-ասում է նա:
Նա մտադրված չի քայլել գիշերները, քայլելու է միայն ցերեկով, օրը 12 ժամ: Գիշերելու է քաղաքներում և այլ բնակավայրերում: Այն բնակավայրերում, որտեղ ունի բարեկամներ կգիշերի նրանց մոտ, իսկ որտեղ ծանոթներ չունի, գիշերը կանցկացնի հյուրանոցներում:
Տեփոյանը մտադիր է Ախալքալաքից մինչև Ախալցիխե գնալ ոտքով, իսկ այնտեղից մինչև Վլադիկավկազ մեքենայով: Վլադիկավկազից մինչև Մոսկվա մտադիր է կրկին գնալ ոտքով: Թեև Տեփոյանը չի բացառում մեքենայից օգտվելու հնարավորությունը, եթե գիշերը վրա հասնի ոչ մարդաբնակ տեղանքում:
Մոսկվայում նրան դիմավորելու են հայկական եկեղեցու ներկայացուցիչները, որից հետո նա ծաղիկներ կդնի անմար կրակին և կվերադառնա:
Գրիշա Տեփոյանը խոստացավ jnews.ge –ին միշտ կապի մեջ լինել և հեռախոսով տեղեկացնել իր «դեպի Մոսկվա» երթի մասին:
Շուշան Շիրինյան