Կարտիկամ գյուղի 25-30 բնակիչ այսօր Ախալքալաքի քաղաքապետարանում բողոքում էին վատ ճանապարհներից և պահանջում բարեկարգում:

Կարտիկամցիների խոսքերով, նրանց երեք տարի է խոստանում են ասֆալտապատել ճանապարհները, սակայն մինչ հիմա, ոչ մեկ, ոչինչ չի արել։

«Եկել ենք, որպեսզի հայտնենք մեր բողոքը, ուզում ենք մեր գյուղում էլ ասֆալտ լինի, քաղաքապետն ասում է, որ սկզբից պետք է հեռու գյուղերը կատարեն ճանապարհների նորոգում, ինչու Աբուլից չեն սկսում, նորոգել են քաղաքի մոտ գյուղերը, օրինակ՝ Բավրա, Դիլիսկա։ Մեր գյուղը Ախալքալաքից 5 կմ է հեռու, ինչո՞ւ չեն անում։ Ունանյանն ասաց, որ այս տարի Կարտիկամի ասֆալտապատումը չկա ծրագրի մեջ», – ասացին բնակիչները։

Կարտիկամի նախկին գյուղապետ, ներկայիս պատգամավոր Գենադի Էլիզբարյանն ասում է, որ երբ գյուղապետ է եղել, գրավոր դիմում է ներկայացրել:

«Հիմա ուզում եմ այդ նույն դիմումները ցույց տալ ժողովրդին, որպեսզի նրանք համոզվեն, որ ես աշխատել եմ այդ ուղղությամբ։ Այս տարի նույնպես այս խնդիրը բարձրացրել եմ Սակրեբուլոյի նիստի ժամանակ, սակայն նրանք մեր ժողովրդին ասել են, որ դիմում ներկայացրած չէ», – ասում է Գենադի Էլիզբարյանը։

Իսկ ցույցի մասնակիցներից մեկն ասաց, որ ասֆալտապատում չի լինի, գոնե ճանապարհը հարթեցնեն: Նրա խոսքերով գյուղացիները պատրաստ են ապահովել գրեյդերը վառելանյութով, միայն թե ուղղեն ճանապարհները։

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասաց, որ Կարտիկամի բնակիչների հետ քննարկեցին հարցը և հասկացան միմյանց։
«Մենք միանգամից չենք կարող բոլոր գյուղերը ասֆալտապատել, կանենք օրինակ Բեժանոն, Էխտիլան, Գոմանը, Խանդոն։ Ես նրանց ասացի, այս տարի ծրագիր կկազմենք, մյուս տարի կանենք։ Ես կարծում եմ, ավելի շուտ հեռու գյուղերին է հարկավոր օգնություն, ոչ թե մոտ գյուղերին, որտեղից 5 րոպեի ընթացքում քաղաք կարելի է հասնել։ Ժողովրդին խաբել են, որ իբր ծրագիր կա, չգիտեմ ով է նման բան ասել, բայց մենք միասին եկանք մի եզրակացության, որ այս տարի հնարավորինս չափ կուղղենք»։

Կարտիկամի բնակիչները վերադարձան գյուղ, ասելով, որ եթե ճանապարհները չուղղեն, կդիմեն Թբիլիսի։

Գայանե Ակոջյան