ATG զբոսաշրջային խմբի տնօրեն՝ Թամազ Ուլումբոելին կարծում է, որ Ջավախքում զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ կա: Այս մասին մանրամասն Թամազ Ուլումբոելիի jnews.ge-ին տրված հարցազրույցում:
– Ինչպիսի՞ն է զբոսաշրջության ներուժը Ջավախքում:
Սկսենք նրանից, որ տեղանքի լանդշաֆտը ձիով զբոսաշրջությունը զարգացնելու լավ հնարավորություն է տալիս: Ես կարծում եմ, որ ճարտարապետական համալիրները, որոնք ձեր մոտ կան, միայն զարդարում են այն հնարավորությունները, որոնք ունեք: Ձեր մոտ չկան զառիթափ լանջեր, ուստի կարելի է ընտրել որոշակի դրվածքով լավ մայրուղի: Ու ես կկենտրոնանայի հենց այդ պահի վրա: Երկրորդ ներուժը ձեր մոտ դա՝ հետիոտն զբոսաշրջությունն է, որը նույնպես կարելի է որոշել և ուրվագծել: Ենթադրենք, սկսել Բակուրիանից, հետո մտնել Տաբածղուրի, հետո մի որևէ տեղ, այնտեղ գիշերել և գնալ Մանգլիսի:
– Իսկ ի՞նչ է պետք անել այդ ներուժը ցարգացնելու համար:
Պարտադիր չէ, որ կառուցվեն 5-6 հարկանի կամ 15 հարկանի հյուրանոցներ: Ամենից շատ մարդկանց հետաքրքրում է բնակչության կենսամակարդակը, կենցաղը, հաց թխելը և այլն: Այդ շրջանում, հիմնականում, ներկա է տարբեր մշակութային պատկանելիության բնակչություն: Նրանք ունեն իրենց սովորույթները, իրենց խոհանոցը, ինչը հետաքրքիր կլինի մարդկանց: Ասենք, գնացին Բակուրիան, այնտեղ համտեսեցին մի կերակրատեսակ, յուրահատուկ ընթրիք, տեսան և լսեցին ժողովրդական պարեր և երգեր: Կբարձրանան վերև, այնտեղ արդեն ուրիշ ազգության բնակչություն է, ուրիշ սովորույթներ և մշակույթ: Կան իհարկե նմանություններ, բայց ըստ էության դրանք տարբեր են և դա արդեն հետաքրքիր է զբոսաշրջիկին: Դուք ոչ մի զբոսաշրջիկի չեք զարմացնի շքեղ հյուրանոցներով, մեքենաներով և ռեստորաններով: Այդ ամենը նրանք ունեն: Նրանց հիմնականում հետաքրքրում է այն կոլորիտը, այն լանդշաֆտը, յուրահատուկ մշակույթը, որը կա, մանավանդ, որ Վրաստանը բազմամշակութային երկիր է:
– Մենք հարուստ ենք գետերով և լճերով, ի՞նչ կասեիք ձկնորսական զբոսաշրջության մասին:
Ես շատ ուրախացա, երբ գնացել էի ձեր մոտ: Ես եղել եմ բոլոր գյուղերում: Չկա մի գյուղ որտեղ ես շրջած չլինեմ և կարող եմ ասել, որ համարյա յուրաքանչյուր գյուղում կա առնվազն մեկ լիճ: Կարելի է այդ լճերի ափերին կառուցել փոքրիկ հանգստյան կետեր, կառուցել մեկ-երկու փոքրիկ կամուրջներ և մարդը հնարավորություն կունենա մեկ օրում անցնել մի քանի գյուղերով: Իսկ ինչ է նշանակում ձկնորսական զբոսաշրջություն: Դա նշանակում է, որ այնտեղ, որտեղ զբոսաշրջիկը կանգ է առել, պետք է ուտի, խմի, ընթրի և, իհարկե, եթե դա օրվա վերջում է, ապա նաև քնի:
Եթե մարդիկ ձուկ են բազմացնում, որ հետո բռնեն և վաճառեն, ապա այդ ձուկը նրանց կբերի կրկնակի եկամուտ, որովհետև կա այսպիսի հասկացություն՝ որսալ և բաց թողնել: Զբոսաշրջիկը կարող է որսալ 10-20կգ ձուկ, բայց իրեն այդքանը անհրաժեշտ չէ և նա այն կարող է թողնել տիրոջ հայեցողությանը: Կամ ենթադրենք, հաստատել որոշակի քվոտա, որ ձկան մի որոշակի քանակ անհրաժեշտ է ազատ արձակել, կախված նրանից, թե որտեղից է այդ զբոսաշրջիկը: Եթե նա արտասահմանից է, նրա համար դա անսովոր չի լինի, իսկ եթե զբոսաշրջիկը Քութաիսից է կամ Թբիլիսիից, ապա նրան պետք է որոշակի շրջանակների մեջ պահել:
– Ներուժ կա, բայց այն չի օգտագործվում, ո՞վ պետք է հանձն առնի ներուժի զարգացումը, մասնավոր հատվածը, թե՝ պետությունը:
Ես կասեի այսպես, եթե վերցնենք ասենք Սերբիայի փորձը, որը այժմ համարվում է եվրոպացիների կողմից ամենից շատ այցելվող երկիրը, նրանք կարողացան 5-10 տարվա ընթացքում հասնել այն մակարդակին ինչին ձգտում էին: Դա կատարվում է համատեղ: Ասենք, քաղաքապետարանը և գյուղը այն մարդկանց հետ միասին, ովքեր հետաքրքրված են դրանում կամ ունեն հնարավորություն ինչ-որ բան կառուցել, վերակառուցել, մեծացնել այն դարձնել ավելի հարմարավետ, որպեսզի մարդը կարողանա հանգստանալ, ցնցուղ ընդունել և տաքանալ:
Իշխանությունները պետք է մտածեն նաև, որ ճանապարհներին լինեն ցուցիչներ, թե ուր ինչպես գնալ և, թե որտեղ ինչ է գտնվում: Նրանք, իհարկե, կարող են օգտվել google –ից կամ GPS-ից, բայց ցուցիչները տեսողականորեն ավելի ընկալելի են: Պետությունը պետք է ֆինանսավորի մշակութային խմբեր, կազմակերպի փոքրիկ փառատոններ, որոնք իրենց ներգործությունը կունենան զբոսաշրջության զարգացման հարցում:
Շուշան Շիրինյան