Այսօր Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում խաղ-մրցույթով նշվեց մայրենի լեզվին նվիրված տոնը:

ԱԵԿ-ի մանկավարժներն ու սաները Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Տաթև քահանա Մարուքյանի հետ նախ հավաքվեցին քաղաքի Ազատության հրապարակում գտնվող Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ, ծաղիկներ դրեցին, ապա ուղորդվեցին դեպի Երիտասարդական կենտրոն:

աեկ

Ռուսաց, վրաց և անգլերեն լեզուների խմբակների սաները մրցույթ էին կազմակերպել: Նրանց տրված էր հայերեն տեքստ՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման հարյուրամյակի մասին, որը 30 րոպեի ընթացքում պետք է թարգմանեին յուրաքանչյուրն իր խմբակին համապատասխան լեզվով, իսկ գնահատող ժյուրիի մասնագետ անդամները հրավիրված էին Ախալքալաքի հանրային դպրոցներից: Մրցույթի երկրորդ փուլում թիմերը 15 րոպեի ընթացքում մայրենի լեզվով գրեցին 50 բառից բաղկացած շարադրություններ «Մայրենին իմ սրբությունն է» վերնագրով:

աեկ6

աեկ5

աեկ3

Ժյուրիի որոշումը վիճարկելի չեղավ՝ հաղթող ճանաչվեց ռուսաց լեզվի խմբակը, երկրորդ և երրորդ տեղերում համապատասխանաբար վրացերեն և անգլերեն լեզուների խմբակներն էին:

aek

Միջոցառմանը ասմունքով և երաժշտական համարներով հանդես եկան նաև ԱԵԿ-ի այլ խմբերի սաները:

աեկ 4

Տեր Տաթև քահանա Մարուքյանը շնորհավորեց օրվա կապակցությամբ, կարևորելով լեզուների դերը նշեց, որ յուրաքանչյուր լեզու իր առանձնահատկություններն ու նրբություններն ունի: Նա ողջունեց մրցույթի մասնակիցներին և հորդորեց՝ միշտ մաքուր պահել մայրենի լեզուն:

aek1

«ՎՀՕՄ-ը տարածաշրջանում միշտ էլ նշում է մայրենիին նվիրված տոնը, այսօր էլ ոչ միայն Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում է միջոցառում կազմակերպված, այլ նաև Նինոծմինդայի և Ախալցիխեի կենտրոններում ևս»,- մեզ հետ զրույցում նշեց ԱԵԿ-ի պատասխանատու, ՎՀՕՄ ատենապետուհի Կարինե Թադևոսյանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման համաձայն փետրվարի 21-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես մայրենի լեզվին նվիրված տոն:

Սոնա Տոնականյան