Խուլգումոյի բնակիչները բողոքում են գազի խողովակներից արտահոսող հոտից, ինչը տարիներ շարունակ անհանգստացնում է նրանց:

Ախալքալաքի շրջանի գազատարի գլխավոր բաշխիչ փականը գտնվում է Խուլգումո գյուղի սկզբնամասի մոտ: 2007 թվականից մինչ այսօր գյուղի այդ հատվածում գազի խողովակից հոտ է արտահոսում և անհանգստացնում գյուղի 10-15 ընտանիքների։ Նրանց խոսքերով, բազմիցս բանավոր դիմել են SJGC գազաբաշխիչ ընկերության ներկայացուցիչներին, սակայն ոչ մի փոփոխություն։

«Արդեն բազում տարիներ է այս հոտը մեզ անհանգստացնում է, պատուհան չենք կարող բացել, հոտը ներս է թափանցում։ Երբ գալիս էին գազերը ստուգելու, ասում էինք, որ խնդրին լուծում տան, սակայն քմծիծաղում ու գնում էին», – ասաց բնակիչներից մեկը։

Խուլգումոյի այդ հատվածի բնակիչները պատրաստվում են բողոքարկել, որպեսզի հարցին լուծում տան։

Իրականում դա ոչ թե գազի, այլ օդորանտ նյութի հոտն է, ինչը գազի խողովակներ են լցնում ապահովության համար, որպեսզի գազի արտահոսքի ժամանակ հոտի միջոցով տեղեկանան այդ մասին։ 1000 մ³ գազին 16 գրամ օդորանտ է ավելացվում։ Նյութը առողջությանը վնաս չի հասցնում։

Խնդրի լուծման ճանապարհների մասին տեղեկանալու համար փորձեցինք կապ հաստատել SJGC-ի գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանի հետ, սակայն նա ասաց, որ այդ հարցերով զբաղվում է ՍՊԸ «Գազտռանս սպասարկում»-ը: Կապ հաստատեցինք նաև վերջինիս հետ: Բազմաթիվ զանգերից հետո երկու ընկերության ներկայացուցիչները քննարկելով խնդիրը, ճշտեցին, թե ինչից է հոտը տարածվում։

Պարոն Ղումաշյանը տեղեկացրեց, որ հոտը քամու միջոցով տարածվում է օդորանտի տակառներից:

ՍՊԸ «Գազտրանս սպասարկման» տնօրեն Ռոստոմ Ցերցխվաձեն ճշտելուց հետո զանգահարեց և ասաց․ «Մենք տեղյակ չէինք, սակայն արդեն վաղվանից մեր աշխատակիցները գործի կանցնեն և խնդրին լուծում կտան»։

gaz

Կլուծվի, արդյոք տարիներ շարունակ Խուլգումոյի բնակիչներին անհանգստացնող խնդիրը, կհետևենք Ձեզ հետ միասին:

Գայանե Ակոջյան