Այսօր, մարտի 20-ին «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում Կոկիա, Ալաստան, Վարևան և Խանդո գյուղերում տեղի ունեցան ժողովներ առաջնահերթ աշխատանքները որոշելու նպատակով:
Հանդիպումներին մասնակցում էին գյուղերի ակտիվ բնակչությունը և շրջանային Վարչության աշխատակիցները:
Ժողովի ժամանակ շրջանային Վարչության աշխատակիցը կարճ ներկայացնում էր, թե կոնկրետ ինչ աշխատանքներ կարելի է իրականացնել «Աջակցություն գյուղին» ծրագրով հատկացված գումարով: Այնուհետև, ընտրվում էր ժողովի նախագահ և քարտուղար, որից հետո սկսվում էր քննարկումը: Քննարկման ավարտին, եթե անհրաժեշտություն էր առաջանում, ապա առաջնահերթությունները դրվում էին քվեարկության:
Չորս գյուղերում էլ քննարկումներն ընթացան շատ ակտիվ, հնչեցին բազմաթիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել: Գրեթե բոլոր գյուղերում ակտուալ էր ջրի խնդիրը, սակայն ոչ բոլոր տեղերում այդ հարցը անցավ քվեարկությամբ:
Օրինակ. Կոկիա գյուղում քննարկումների ժամանակ հնչեց երկու խնդիր՝ ջուր և ճանապարհներ, բայց քվեարկությամբ անցավ ճանապարհների հարցը: Գյուղի մեծամասնությունը նախընտրեց Ալաստանից մինչև Կոկիա ճանապարհահատվածի բարեկարգման վրա ծախսել հատկացված գումարը:
Ալաստան գյուղում «Աջակցություն գյուղին» ծրագրով հատկացված գումարով վերանորոգելու են գյուղի արարողությունների տան տանիքը և սառնարան են գնելու:
Վարևան գյուղում այդպես էլ չկողմնորոշվեցին առաջնահերթային աշխատանքների հարցում: Այստեղ ակտուալ է ջրի հարցը, մի քանի տարի է «Աջակցություն գյուղին» ծրագրով հատկացված գումարով վարևանցիները կառուցել են նոր ջրագիծ, բայց կրկին գյուղում ջուր չունեն: Մարտի 20-ին, ժողովի ժամանակ որոշ մարդիկ առաջարկեցին հատկացված գումարով նոր ջրագիծ անցկացնել, սակայն, ոչ բոլորն համաձայնվեցին:
Գյուղական ժողովները երեք գյուղերում էլ անցկացվեցին արարողությունների տներում:
Խանդո գյուղում ժողովն անցկացվեց գյուղապետարանի շենքում: Այստեղ ժողովին առանձնակի էին պատրաստվել և հանդիպումն անցկացրին բոլոր չափանիշներին համապատասխան: Նախօրոք պատրաստված էին օրակարգի հարցերը, քվեարկությամբ ընտրվեց ժողովի նախագահ և քարտուղար: Ժողովին զուգահեռ կազմվեց արձանագրություն:
Բուռն քննարկումներից հետո գյուղի ակտիվը որոշեց «Աջակցություն գյուղին» ծրագրով հատկացված գումարը ծախսել նոր ջրագծի անցկացման վրա, որպեսզի գյուղի յուրաքանչյուր տուն ջուր ունենա: Գումարի ավելացման դեպքում կկատարեն նաև գյուղից աղբի դուրս բերման աշխատանքներ:
Շուշան Շիրինյան