Փետրվարի 11-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղի ունեցած Հարիսայի փառատոնով եզրափակվեց փետրվարի 5-ին տարածաշրջանում մեկնարկած, Բուն Բարեկենդանի տոնին նվիրված, հայկական ազգային կերակրատեսակի՝ հարիսայի փառատոնը։
Փառատոնի մեկնարկը տրվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը մատուցեց սուրբ պատարագ: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևորական Տեր Տաթև քահանա Մարուքյանը ներկայացրեց օրվա խորհուրդը, ինչպես նաև ընթերցեց Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Կոնդակը: Պատարագի ավարտին ներկաները հրավիրվեցին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակ՝ մասնակից լինելու Հարիսայի փառատոնին։ Եկեղեցու բակում Տեր Տաթև քահանա Մարուքյանը ներկայացրեց հարիսա պատրաստելու ավանդությունը, շնորհավորեց փառատոնի կապակցությամբ, անդրադարձ կատարելով Բուն Բարեկենդանի օրվա խորհրդին՝ Սուրբ Զատիկին նախորդող Մեծ Պահքի 48-օրյա ժամանակաշրջանին, մաղթեց ներկաներին մարմնապես ամրացած, հոգով և հավատքով հզորացած պատրաստվել դիմավորելու Փրկչի հրաշափառ Հարության տոնը:
Այնուհետև օրհնվեց հարիսան, որից հետո ավանդական գոգնոցներով տանտիրուհիները բաժանեցին կերակրատեսակը ներկաներին։ Փառատոնի մշակութային մասում ելույթ ունեցան Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Զարթոնք», ինչպես նաև «Վաչիան» պարային համույթի սաները, համարներով հանդես եկան նաև առաջնորդական փոխանորդության երգչախմբի և Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի սաները։
Հարիսան իր ընտանիքի կողմից մատուցեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու խաչի քավոր Մաթևոս Վարդանյանը։
Մեծ Պահքին ընդառաջ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության բոլոր հովվություններում տեղի ունեցավ Հարիսայի փառատոնը, որի ընթացքում սուրբ պատարագից բացի հոգևորականները հավատացյալներին ներկայացնում էին Մեծ Պահքի, Բարեկենդանի խորհուրդը, ինչպես նաև կարևորում ազգային կերակրատեսակի առանձնահատկությունը: Փառատոնը բոլոր եկեղեցիներում ուղեկցվում էր հայկական ավանդական երգ ու պարով։