Քութաիսիի ոչ կառավարական կազմակերպության ջերմոցներում աշխատում են սոցիալապես անապահով ընտանիքներ, ովքեր հնարավորություն ունեն ստեղծելու իրենց սեփական փոքր բիզնեսը:
Քութաիսիում կայացած ԲարՔեմփի ընթացքում, որը կազմակերպել էր չեխական ոչ կառավարական «Nesehnuti» կազմակերպությունը, «Աբխազինտերկոնտ»-ի օգնությամբ, մասնակիցներն իրենց աչքերով տեսան, թե ինչպես է աշխատում սոցիալական ձեռներեցությունը:
2011 թ. ոչ կառավարական «Աբխազինտերկոնտ» կազմակերպությունը Ծղալտուբոյի շրջանի Գեգութի գյուղում կառուցեց ջերմոցներ, որտեղ աճեցնում են կանաչի, բանջարեղեն և ելակ: Նրանք ունեն երեք ջերմոց, յուրաքանչյուրի ստեղծման վրա ծախսվել է 6-7 հազար եվրո:
Ջերմոցներում աշխատում են բռնի տեղահանված անձինք, մասնավորապես կանայք և սոցիալապես անապահով ընտանիքներ: «Աբխազինտերկոնտ»-ը օգնում է անապահով ընտանիքներին կառուցել ջերմոց և ինքնուրույն գումար վաստակել: Այժմ ջերմոցում աշխատում են 8 անապահով ընտանիք, որոնցից 4-ը արդեն բացել են իրենց սեփական ջերմոցները:
Ոչ կառավարական «Աբխազինտերկոնտ» կազմակերպությունը համագործակցում է ՍՊՀ «Գեգութի 2006» կազմակերպության հետ, որը նույնպես զբաղվում է ջերմոցներում կանաչեղենի, բանջարեղենի և ելակի աճեցմամբ:
-«Մենք նրանց համար անցկացնում ենք վարժանքներ, այստեղ ենք հրավիրում գիտական աշխատողների, ովքեր նրանց խորհուրդներ են տալիս նոր տեխնոլոգիաների հետ կապված: Մենք օգնում ենք նրանց աճեցնել նոր տեխնոլոգիաներով և ստանալ շատ շահույթ, իսկ նրանք մեզ օգնում են իրացնելու մեր արտադրանքը»,- ասում է «Աբխազինտերկոնտ» կազմակերպության տնօրեն՝ Արչիլ Էլբակիձեն:
Ստացված արտադրանքը հիմնականում իրացվում է Ուկրաինայում և Լեհաստանում: Ախալքալաքի շրջանում նույնպես վաճառվում է Քութաիսիից բերված կանաչեղենը: Այս տարի 1 կգ կանաչեղենը Քութաիսիում արժե 1 լարի, իսկ Ախալքալաքում՝ 4 լարի:
Ըստ «Աբխազինտերկոնտ»-ի տնօրեն Արչիլ Էլբակիձեի, նրանք վաճառքից ստացած եկամուտը նորից ներդնում են արտադրության և կազմակերպության զարգացման մեջ:
Շուշան Շիրինյան