Վրաստանի Առողջապահության նախարարությունը նորացնում է 2013 թվականի մայիսից ձևակերպված ապահովագրական թերթիկները։ Ախալքալաքում 10 270 բնակիչների ապահովագրական հին թերթիկները նույնպես կփոխվեն։
Տեղամասային բժիշկների օգնությամբ Ախալքալաքի յուրաքանչյուր գյուղի և քաղաքի բնակչի ապահովագրական հին թերթիկները կփոխարինվեն նորով։
Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի տնօրեն Ալեքսան Թորոյանն ասում է, որ հին է համարվում 2013 թվականի մայիսից ձևակերպված ապահովագրական թերթիկները։
«Ապահովագրական ծրարը, պարունակությունը և ֆինանսավորումը մնացել է նույնը, ոչ մի բան չի փոխվել։ Մենք ունենք 10 270 բնակիչ, ովքեր 2013 թվականի մայիսից ստացել են հին պատճենի ապահովագրական թերթիկ, այդ ցուցակը արդեն Առողջապահության նախարարությունից ճշտված հասել է մեզ, մենք տպագրել ենք ազգ-ազգ, անուն-անուն, գյուղ-գյուղ և տեղամասային բժիշկների և այսպես կոչված ագենտների միջոցով կբաժանվեն, որպեսզի ժողովուրդը ծախսեր չանի, դժվարությունների և հերթերի մեջ չկանգնի», – ասում է նա։
Ագենտները կգնան յուրաքանչյուրի տուն, կներկայացնեն ապահովագրական թերթիկները, նրանց ներկայությամբ կգրանցվի ամբողջը, նրանց անձնագրի պատճենով և անմիջական ստորագրությամբ կհանձնեն նոր ապահովագրական թերթիկը։ Ովքեր ունեն հին ապահովագրական թերթիկ կարող են օգտվել մինչև ապրիլի 1-ը Վրաստանի յուրաքանչյուր բժշկական կենտրոններից, ապրիլի 1-ից հետո դրանք անվավեր կճանաչվի։
Եթե բնակիչը տվյալ ժամանակահատվածում տեղում չեղավ կամ ինչ-ինչ պատճառներով հրաժարվեց ստորագրելուց, հետագայում նորը ստանալու համար արդեն վճարում պետք է կատարի։
Մինչև մարտի 15-ը օպերատիվ ձևով կփոխվեն հին ապահովագրական թերթիկները։
Գայանե Ակոջյան