Ում է հասնում կամ ում չի հասնում սոցիալական նպաստ, արդյունքում որոշում է համակարգչային ծրագիրը: Սակայն այն, ըստ երևույթին, հաշվի չի առել, որ միայնակ և կարիքավոր Մարուսյան և Մաքրուհին չեն հարստացել և մեկին քչացրել է նպաստը, իսկ մյուսին՝ ընդհանրապես ընդհատել :

Ախալքալաքի շրջանի Օրջա գյուղի բնակիչ Մաքրուհի Կարապետյանը ասում է, որ անցյալ տարի դադարեցրին նրան սոցիալական նպաստ հատկացնել, չնայած այն հանգամանքին, որ նրա վիճակը ընդհակառակը վատթարացել է:

«20 բալի պատճառով ընդհատեցին, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ես ունեմ 10 հավ: Ինչպես կարելի է ապրել 10 հավի եկամտով », – ասում է Մաքրուհի Կարապետյանը:

Ըստ Մաքրուհի Կարապետյանի, ոչ ոք չի եկել նրան ստուգելու, ու երբ նա գնացել է քաղաք պարզելու, ոչինչ չի կարողացել:

Մաքրուհի Կարապետյանը ապրում է կիսաքանդ գոմի մեջ, առաստաղից կաթում է, չունի գազ ու այլ հարմարություններ: Ձմռանը նա վառարանը վառում է գոմաղբով, որը հարևաններն են տալիս:

pomosh1

Վաչիան գյուղից 90-ամյա Մարուսյան նույնպես ապրում է գոմում, որտեղ տանիքից կաթում է, պատերը սևացել են ծխից, չկան աթոռներ, չկա ջուր ու այլ տարրական հարմարություններ: Մարուսյա տատիկի նպաստը կրճատել են, նախկին 60 լարիի փոխարեն ստանում է 40 լարի:

«Պարզելու համար ես գնացի քաղաք, ինձ ասացին, որ ուրախ լինեմ, որ այդքանն էլ տալիս են: Ես ոչ ոք չունեմ, ոչ ոք չի օգնում, միայն իմ հարևանը: Ես արդեն անհարմար եմ զգում նրանից օգնություն խնդրել: Չեմ ուզում ապրել, սա կյանք չէ, այլ տանջանք է », – ասում է Մարուսյա տատիկը արցունքները աչքերին:

pomosh

Վրաստանի օրենսդրության համաձայն, սոցիալական օգնություն կարող է ստանալ նա, ով գտնվում է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում: Անձը պետք է դիմի Սոցիալական ապահովության կենտրոն, որից հետո սոցիալական գործակալը կգնա նրա տուն և կլրացրնի համապատասխան անկետա:

Անկետայում լրացվում է ընտանիքի բոլոր անդամների, եկամուտների, բնակարանների, հողերի և գույքի մասին տվյալները: Անկետայում չի նշվում կենցաղային տեխնիկայի առկայությունը, քանի որ այն չի ազդում միավորների վրա: Այնուհետև, համակարգչային ծրագիրը համապատասխան բանաձևով հաշվում է միավորները, ու ըստ այդ միավորների որոշվում է, սոցիալական նպաստ կստանա անձը, թե ոչ:

Ախալքալաքի սոցիալական ապահովության կենտրոնի ղեկավար Իրոդիոն Գոգոլաձեն ասում է, որ անկետան լրացնելուց հետո գործակալը այն տալիս է ստորագրելու, ու եթե հարցեր են առաջանում, նրանք պետք է ասեն գործակալին կամ չստորագրեն:

«Ամեն ինչ կարող է ազդել միավորների վրա, բայց որ հենց 10 հավի առկայությունն է ազդել միավորների վրա ես չեմ կարող ասել: Երեխաների առկայությունը կարող է ազդել միավորների վրա, ինչպես նաև միավորների վրա ազգում է եթե փոխվում է տարիքը: Վրաստանում նվազագույն թոշակը 155 լարի է, նրանք ստանում են 216 լարի: Միավորները մենք չենք հաշվում, այն բանաձևով հաշվում է համակարգիչը », – ասում է Իրոդիոն Գոգոլաձեն:

30 000 միավոր հավաքածներին հասնում է 60 000 լարի, 30 000-57 000 միավորի դեպքում հասնում է 50 լարի, 57 000-60 000 միավորի դեպքում` 40 լարի, 60 000-65 000 միավորի դեպքում վճարվում է` 30 լարի: Բացի այդ, բոլոր այն ընտանիքներում, որտեղ կան 16 տարեկանից փոքր երեխաներ ու ընդհանուր միավորը կազմում է`մինչ 100 000, ապա յուրաքանչյուր երեխայի համար ավելացվում է 10 լարի:

Շուշան Շիրինյան