Ախալքալաքի Լոմսաձե փողոցի բնակիչները բողոքում են փողոցում ջրի գոյացությունից։ Փողոցի երկյանքի կեսը պատված է ջրով, հարակից տան պատերը խոնավությունից քայքայվում են։

Արդեն մի քանի տարի է ասֆալտապատումից հետո՝ ձմռանը և անձրևոտ եղանակին Լոմսաձե և Երևանյան փողոցների խաչմերուկի մոտակա տարածքի տները հայտնվում են «ծովի ափին»: Սակայն ծովափնյա այս տները վնասից և անհարմարությունից բացի ոչինչ չեն ստանում:

lij

«Ասֆալտապատման ժամանակ փողոցի մի մասը բարձր են արել, մյուսը՝ ցածր, և բարձր կողմի անձրևաջրերը հավաքվում են մեր տան կողմերը։ Ձյան ժամանակ մեր փողոցը երբեք չի մաքրվում, վերևի փողոցի ձնհալքի ջրերը նույնպես հավաքվում են մեր տան դիմաց և քայքայում մեր տան պատերը», – ասաց Լոմսաձե փողոցի 68 համարի բնակարանի բնակիչ Հասմիկ Պողոսյանը։

Իսկ 70-րդ բնակարանի բնակիչ Շուշիկ Ալեքսանյանը ասաց․ «Մենք այսպիսի ծով ունենք, ամբողջ կյանքերս այս ջրի մեջ ենք անցկացրել, մեր բնակարանը նոր էինք վերանորոգել, սակայն պատերը ամբողջովին խոնավացել է, ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, ամբողջ վերանորոգումը փչացել է։ Ինչու չեն գալիս, որ տեսնեն, թե ինչ վիճակում է գտնվում փողոցը և մեր տները»։

Հարկ է նշել, որ ճանապարհը ասֆալտապատել է ՍՊԸ «Ջավախ Ավտո Գզա»-ն 4-5 տարի առաջ։

Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանն ասում է․

«Ոչ միայն ես, այլ պատգամավորը նույնպես եղել է այդ տարածքում, քանի որ շատ անգամ են բանավոր դիմել, անգամ այն ժամանակ եմ գնացել, երբ որ դրսում անձրև և կարկուտ է տեղացել։ Ես տեսել եմ, որ փողոցի մի մասը բարձր է եղել, սակայն այդտեղ հնարավոր չէ ուրիշ ձև անել։ Եթե հիմա խնդիր կա, գրավոր դիմումի միջոցով, ես անպայման կգնամ և տեղում կգնահատեմ իրավիճակը, սակայն եթե ձյուն կա, նրանք պետք է տեղեկացնեն համապատասխան մարմիններին, որպեսզի մաքրեն ձյունը»։

janaparh

Այս հատվածում ևս մեկ խնդիր է ավելացել, երբ դիմացի հարևանի ջրի խողովակն է տրաքվել և այդ ջուրը նույնպես լցվում է փողոցի կենտրոնում գտնվող ջրափոս և ավելի է բարդացնում արդի խնդիրը։

«Գնացի ջրի հիմնարկ, երկու հոգով եկան ստուգեցին, սակայն ասացին, որ մենք ձմռանը չենք կարող նորոգել խողովակը, ասացի, որ մի երկու ժամով դադարեցրեք ջրի հոսքը ես ինքս կնորոգեմ, սակայն դրան էլ չհամաձայնեցին», – ասաց Գաբրիելյան Լավրենտը։

jur

Սակայն Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնի մենեջեր Վարդ Մոսոյանն ասաց․

«Նրանք մեզ չեն դիմել, մենք չենք գնացել ստուգման, ես եմ տեսել այդ ջրագծի փոքր անցքը, տան տիրոջն ասեցի, որ ձեռք չտան, սակայն փորել և վնասել են։ Մենք չենք կարող ամբողջ ջրամատակարարումը դադարեցնել, քանի որ այդ դեպքում ամբողջ Ախալքալաքինը կդադարեցվի, համ էլ խողովակները կսառեն, այդ իսկ պատճառով միակ միջոցը այդ տան ջրամատակարարումն անջատելն է»։

Լոմսաձե փողոցի բնակիչները գրավոր դիմել են Ախալքալաքի քաղաքապետարան և սպասում են, որ խնդիրը կլուծվի։

Գայանե Ակոջյան