Ախալքալաքի շրջանի Վարևան գյուղում ո՛չ խմելու ջուր կա, ո՛չ էլ ընդհանուր օգտագործման։ Գետը, որտեղ գոնե անասունն էին ջրում, սառել է:

Մերկասառույցով պատված ոլորաններով կանայք գյուղի մի ծայրից մյուսն են հասնում, որպեսզի ջրհորից ջուր տանեն տուն։

«Ինչ արած, ուզած չուզած պետք է կտրենք այսքան ճանապարհ, որպեսզի ջուր տանենք։ Միայն խմելու համար չի, որ տանում ենք, տան գործերի և անասունների համար էլ է պետք», – ասացին դույլերով ջուր կրող կանայք։

varevan4

Ջրհորի ջուրը շատ կեղտոտ է, սակայն չունենալով ուրիշ տարբերակ, նրանք օգտագործում են այդ՝ հիգիենայի նորմերին չհամապատասխանող ջուրը։ Ջրհորում ոչ միայն խմելու ջրի համար նախատեսված դույլեր են մտցնում, այլ նաև անասնագոմի։

varevan5

«Արդեն մի տարի է ինչ ավտոմատ լվացքի մեքենա եմ գնել, որպեսզի գործս հեշտանա, սակայն ավելի դժվարացավ, մեքենան ինչպես փաթեթավորված բերել եմ տուն, այդպես էլ թողել եմ, ինչպես օգտագործեմ, եթե անգամ խմելու ջուր չունեմ։ Ամռանը պահածո անելուց մի ամբողջ օր ջուր ենք կրում, որպեսզի հաջորդ օրը կարողանանք պահածոյացնել», – դույլերը ձեռքին տունդարձի ճանապարհին ասաց Վարևանի բնակչուհին։

varevan6

Գյուղից ոմանք էլ խմելու ջուր հայթայթելու համար մեծ մեքենաներով գնում են հարևան Խանդո գյուղ և այնտեղից բերում։

Բնակիչների խոսքերով հարցը քննարկման են դրել անգամ Թբիլիսիում, սակայն ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ «Ամեն անգամ գալիս են, նկարում, հարցեր տալիս, բայց ոչինչ չեն անում։ Ջուր ունենում ենք օգոստոս ամսվա վերջ մի քանի օր, դա էլ միայն նրա համար, որ զբոսաշրջիկները տեսնեն, որ մենք էլ ջուր ունենք։ Մյուս գյուղերը ջուրը օգտագործում են, կարտոֆիլ են ջրում, իսկ մենք ամառվա տապին ջուր չունենք», – ասաց Վարևան գյուղի բնակիչ Ազարյան Սամվելը։

Գյուղացիները պահանջում են իշխանություններից նախընտրական քարոզարշավի խոստումը կատարել՝ ջրի խնդիրը լուծել։

«Եկան, խոստացան, որ անպայման կլուծեն ջրի խնդիրը, ընտրություններն անցան, ձայները հավաքեցին, իսկ մեր մասին մոռացան, մեր գյուղը անտեր գյուղ է դարձել, մեր մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ որ պետք ենք իրենց», – ասաց Անդրանիկ Վարդևանյանը։

Մեր հարցին, թե արդյո՞ք Վարևանի գյուղապետը զբաղվում է այս հարցով, և ինչ հեռանկարներ կան, հավաքված վարևանցիները պատասխանեցին. «Ինչի՞ մենք գյուղապետ ունենք»: Նրանց խոսքերով, գյուղապետին գյուղում չեն տեսնում և չգիտեն, թե նա աշխատում է այս ուղղությամբ, թե՝ ոչ:

Այս խնդրի լուծման ուղիների վերաբերյալ տեղեկանալու համար կապ հաստատեցինք Վարևան գյուղի մասնագետ Միշա Ստեփանյանի հետ։

«Մի անգամ չի որ անդրադարձել ենք այս խնդրին, ջուրը մեզ պետք է հասնի Իխտիլա գյուղից, սակայն Բարալեթի բնակիչները սպառում են այն։ Այսօր Վրաստանի ջրամատակարարման միավորման Ախալքալաքի սերվիս կենտրոնի տնօրեն Վարդ Մոսոյանը եկել էր մեր գյուղ, տեսավ, որ գյուղում ընդհանրապես ջուր չկա, խոստացավ, որ կդիմի Ախալցիխե, որպեսզի հարցին լուծում տան», – ասաց Միշա Ստեփանյանը։

Նա ասաց նաև, որ Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը խոստացել է լուծել գյուղի ջրի խնդիրը, ուստի Վարևանի բնակիչները գյուղ են հրավիրում Հենզել Մկոյանին, ցանկություն հայտնելով քննարկել նրա հետ իրենց արդի խնդիրները։

Վարևանցիները նշում են, որ վերջին 20 տարիների ընթացքում գյուղում ոչինչ չի փոխվել։

varevan1

Գայանե Ակոջյան