Նալբանդյան փողոցի շուկա ծառայող հատվածը դժվարանցանելի է ձյան և մերկասառույցի պատճառով: Վիճակը ավելի է վատթարանում օրեցօր և, եթե պատասխանատուները չհոգան այս մասին, ապա հետզհետե այս հատվածն անանցանելի կդառնա:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում 38 կոտրվածքի դեպք է գրանցվել: Դա ուղիղ հետևանքն է Ախալքալաքում ճանապարհների վիճակի:

Նալբանդյան փողոցի սկզբնամասը, մոտավոր 300 մետր հատվածը շուկայի է վերածվել, չնայած Ախալքալաքը շուկա ունի: Առևտրականներն ամեն անգամ մաքրում են ձյունը և լցնում փողոցի մեջտեղը: Ինչի պատճառով առաջանում է բլրակ, որը ամեն անգամ ցրտահարվելուց ավելի է պնդանում ու վտանգավոր դառնում: Թե առևտրականները, թե գնորդները իրենց մտահոգությունն են հայտնում, որ ճանապարհի այս հատվածը չի մաքրվում։

Անցած տարի, դեկտեմբերի 21-ին, երբ մենք դիմեցինք տեղական իշխանությանը նույն հարցով, քաղաքում լիազոր Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ մեծ տեխնիկա հնարավոր չէ մտցնել այդտեղ, իսկ փոքր տեխնիկան արդեն չի կարողանում մաքրել այդ մեծ և ամրացած սառցակույտը:

Սակայն այս տարի ևս ոչինչ չի արվում, որպեսզի վաղը նորից նույն սառցակույտը չառաջանա: Նյութի պատրաստման ընթացքում այդպես էլ չկարողացանք խոսել Արմեն Խաչատրյանի հետ, ով նույն պաշտոնին է:

zima_shuka

Դիմեցինք ՍՊԸ «Սանմաքրմանը», որը պատասխանատու է քաղաքը ձյունից մաքրելու համար: Տեղում էր հաշվապահը, ով ասաց, որ ինքը հարցերին պատասխանել չի կարող: Սակայն նա շեշտեց այն, որ թող վաճառողները հանեն իրենց վագոնները, որպեսզի կազմակերպությունը կարողանա ազատ տեղաշարժել մեքենաները փողոցի մաքրման նպատակով։

Վաճառականները պնդում են, որ հնարավոր է մաքրել, քանզի այս փողոցով իրենք ապրանք են ստանում և առաքումը իրականացվում է հենց այս հատվածում մեծ մեքենաների օգնությամբ։

«Մենք ինքներս ենք հավաքում ձյունը պարկերի մեջ, և դուրս հանում, ու՞մ դիմենք, մի անգամ դիմեցինք վարչության պետին, ասաց մեր ձեռքը բան չկա, եթե նրանք որոշեն մաքրել ուշ ժամին, երբ այստեղ ոչինչ չկա, մենք ինքներս էլ կօգնենք», – ասում է մրգեղեն և բանջարեղեն վաճառողը։

Վարորդների համար այս փողոցներն իսկական մղձավանջ են: «Մաքսիմալ զգուշությամբ ենք անցնում, վախենում ենք հետիոտնը չընկնի մեքենայի տակ», – ասում է վարորդը:

Մեկ ուրիշ վարորդ էլ ականատես է եղել, թե ոնց են ընկնում և կոտրվածք ստանում։

Թե ինչի մինչև հիմա չի մաքրվել ճանապարհի այս հատվածները, փորձեցինք ճշտել քաղաքապետարանում: Քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասաց, որ հնարավորինս շուտ աշխատանքներ կտարվի այդ ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի ազատ տեղաշարժվել այս ճանապարհահատվածով:

Թե ինչքանով կավելանա Ամանորը գիպսապատ ձեռքերով և ոտքերով դիմավորող մարդկանց թիվը մինչ Ախալքալաքում մտորում են ճանապարհների մաքրման մասին, կտեսնենք մոտ ապագայում:

zima 1

Ժորա Կարապետյան