Ոստիկանության գործողությունների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպեցին Ախալքալաքի քաղաքապետի հետ: Վարչության շենքի դիմաց հավաքված երիտասարդները իշխանություններից պահանջում են, որ ոստիկանության աշխատակիցները անհիմն հարցաքննման չտանեն:

Այսօր, առավոտյան մոտավոր 100 մարդ հավաքվել էին Ախալքալաքի Շրջանային Վարչության շենքի դիմաց:

Բողոքի ակցիայի մասնակից, ոստիկանության գործողություններից տուժած, 26-ամյա Դավիթ Մանուկյանը բողոքում է, որ ոստիկանության աշխատակիցները իրեն ստիպում են ընդունել մեղքը, այն դեպքում, երբ ինքը ոչինչ չի արել:

«Մեր փոխոստիկանապետն ինձ մեղադրում է գողության մեջ, ասաց՝ հերիք է գողություն անես, դա ինչ ասելու բան է, եթե ես ոչինչ չեմ արել, ինչպես ընդունեմ։ Նրանք մեղադրում են չունենալով ոչ մի ապացույց։ Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի բոլորով նրանց ասենք, որ մեզ հանգիստ թողնեն: Ոստիկանությունը նորմալ չի աշխատում, բոլորը իրենց են մեղադրում, որ ոչ մի գողություն չի բացահայտվում, իրենք էլ մեզ», – ասաց Դավիթ Մանուկյանը։

«Մեզ հանգիստ թողեք» բողոքի ակցիայի մասնակիցները ասում են, որ ոստիկանության գործողություններից ամենաշատը տուժել է Կիմ Կուղոյանը և նրա ընկերները:

«Լուսադեմին եմ վերադարձել տուն: Ամբողջ գիշեր գերեզմանոցում եմ եղել: Երեկ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում կրկին ոստիկանության 4-5 աշխատկից ինձ հետապնդում էին: Փախուստի դիմեցի, ուրիշ տարբերակ չկար: Կոնկրետ փոխոստիկանապետ Հակոբն ինձ սպառնում է, ասելով, եթե չլքեմ երկիրը, նա իմ գլխին գործ կսարքի», – նշեց Կիմը:
Cuic
Կիմ Կուղոյանը և նրա հայրը հանդիպեցին և առանձնազրույց ունեցան Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի հետ։

Յուրիկ Ունանյանը Jnews-ի հետ զրույցում նշեց, որ նա լուրջ խնդիր չի տեսնում, դա ոստիկանության առօրյա աշխատանքն է, և որ մի կողմին լսելով, եզրակացություն չի կարող անել:

«Եթե նրանք գրավոր կամ բանավոր ձևով ինձ են դիմել, ես այդ տեղեկությունը կներկայացնեմ համապատասխան մարմիններին, որպեսզի կարողանան միջոցներ ձեռնարկել։ Նրանց բողոքը կայանում է նրանում, որ իբր շատ հաճախ նրան (Խմբ. Կիմ Կուղոյանին) մեղադրելով թմրանյութեր օգտագործելու մեջ, տանում են Ախալցիխե և ուզում են փորձաքննության միջոցով հաստատել, թե իրոք օգտագործել է, թե՝ ոչ: Նրանց բողոքն է, որ իրենց հանգիստ թողնեն և ամեն սովորական բանի համար նեղություն չտան։ Ես չգիտեմ ինչքանով է ճիշտ նրանց ասածը, եթե իրոք այդպիսի փաստ գոյություն ունի պետք է հարուցել քրեական գործ, որտեղ կլինեն երկու կողմերը և կպարզաբանեն ճշմարտությունը», – ասում է քաղաքապետը։

Մարտին Կուղոյանը՝Կիմի հայրը մատնանշում է Ախալքալաքի փոխոստիկանապետի ապօրինի և մշտական հետապնդումները երիտասարդների նկատմամբ: Նրա խոսքերի համաձայն, հենց քաղաքում գողություն է կատարվում, ոստիկանության թիրախում են հայտնվում Կիմը և նրա ընտանիքը:

«Ի՞նչ են ուզում մեզանից, եթե չունեն ոչ մի ապացույց, ինչու են որդուս սպառնում, ասելով, որ 48 ժամվա ընթացքում պետք է լքի պետության տարածքը, բայց նա հաստատ չի հեռանա, որովհետև եթե գնա, բոլորը կմտածեն, որ իրոք ինքն է արել, բայց իմ որդին ոչինչ չի արել։ Արդեն 4 տարի է մեր ընտանիքին ոստիկանությունը հանգիստ չի տալիս», – ասաց Մարտին Կուղոյանը։

Վրաչության շենքի դիմաց հավաքվել էին նաև մարդիկ, ովքեր նախկինում են տուժել ոստիկանության աշխատակիցների գործողություններից:

«Երեք տարի առաջ ինձ տարան ոստիկանություն, մեղադրելով գողության մեջ։ Ծեծելով պահանջում էին, որ ընդունեմ մեղքս, բայց ես ոչինչ չէի արել, այնտեղ ինձ 72 ժամ պահելուց հետո ազատ արձակեցին», – ասաց ակցիայի մեկ այլ մասնակից Մկրտիչ Մղդեսյանը։

Կիմ Կուղոյանը և բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են դիմել Հանրային պաշտպանի գրասենյակին և Վրաստանի գլխավոր դատախազություն:

akcyaa