Ախալքալաքի նախկին 15-րդ քաղաքային ավանի մոտակայքում, մայրուղու հարևանությամբ գտնվող տարածքը ապամոնտաժվել է, և կառուցվել են տարբեր շինությունների հիմքեր: Կառուցողները ցանկանում են օրինականացնել այդ հողերը: Սակայն այդ կառույցներն անօրինական են համարվում:

Վերջերս Շրջանային հիվանդանոցի շենքի մոտակայքում տարբեր մարդիկ չափումներ էին անում և շինարարություն իրականացնում:

Ախալքալաքի շրջանի աշխատակազմը նամակ է ստացել ՍՊԸ գազաբաշխիչ ընկերության կողմից, որ Շրջանային հիվանդանոցի հարևանությամբ գտնվող շինարարությունն իրականացվում է գազատար խողովակին մոտ և այդպիսով խախտվում են անվտանգության նորմերը: Նոյեմբերի 16-ին Շրջանային վարչության աշխատակիցները գնացին և սկսեցին գրանցել շինարարություն իրականացնողներին` հասկանալու համար, թե ինչ անեն և ինչպես վարվեն:

Կենտրոնական ճանապարհին մոտ գտնվող տարածքները գրավողները ոչ պաշտոնական տվյալներով` 40-ից մինչ 100 մարդ է: Տարածքը նրանք բաժանել են ոչ հավասար կերպով, յուրաքանչյուրը զբաղեցրել է այնքան տարածք, որքան կարողացել է: Ոմանք կառուցել են պատերը, ոմանք միայն հիմքը, և շատերը հիմնականում իրար մեջ բաժանել են տարածքները:

Ըստ նրանց, նրանք երկու տարի պայքարում են այդ տարածքների օրինականացման համար, բայց չի ստացվում:
«Այսօր եկել են Շրջանային վարչության աշխատողները, ասում են այդ տարածքները աճուրդի ենք հանելու: Ասում են, որ ապօրինաբար ենք կառուցել: Իսկ մենք պատրաստ ենք այդ հողատարածքները գնել: Իմ տարածքը 8մ երկարություն ունի և 5մ լայնություն: Այնտեղ տուն եմ կառուցելու», – ասում է Ալիկ Փիլոյանը:

Հավաքվածների խոսքերով, ուզում են շենք կառուցել փոքր բիզնեսի հիմնելու համար, որպեսզի կարողանան գումար վաստակել և կերակրել իրենց ընտանիքներին: Ինչ-որ մեկը ցանկանում է ավտոլվացման կետ բացել, մյուսը` մեքենաների վերանորոգման սպասարկման կենտրոն, երրորդը` խանութ և այլն:

Արմեն Խրիմյանն ասում է, որ եթե ապամոնտաժում են օրինական և ապօրինի շինարարության համար, ապա թող այն կիրառվի բոլորի համար, ոչ թե ոմանց:

«Մենք չենք խանգարում գազատարին: Մենք ապրում ենք տարբեր վայրերում, իսկ այս տարածքներ գալիս ենք ստեղծելու համար մեր սեփական բիզնեսը, աշխատելու համար: Մենք ցանկանում ենք այս տարածքները օրինականացնել և կառուցել օբյեկտներ: Մենք դիմել ենք, ասում են, որ չի լինի: Բոլոր աշխատողներն այստեղ հողատարածքներ ունեն, բայց մեզ թույլ չեն տալիս: Քաղաքում շատ անօրինական շենքեր կան: Եթե չի կարելի, թող բոլորին թույլ չտան և հեռացնեն, այլ ոչ թե միայն մեզ», – դժգոհում է Արմեն Խրիմյանը:

Մղդեսյան Գառնիկը նույնպես գրավել է 13 մետր լայնությամբ տարածք և խանութ է կառուցել: «Ես ռիսկի դիմեցի, հետո օրինականացնելու համար: Կառուցեցի 2 տարի առաջ: Դիմեցի, ասացին՝ սպասեք: Աճուրդը մեզ ձեռք չի տալիս, տարածքները կարող են ուրիշներին հասնել, տարածքը կարող է գնել ուրիշը», – ասում է Գառնիկ Մղդեսյանը:

Պետական գույքի դեպարտամենտում մեզ հայտնեցին, որ այդ հողամասերի սեփականաշնորհման համար, կառուցողներից ոչ մեկը չի դիմել, Չոլախյանից բացի: Սակայն նրա դիմումը նույնպես մերժվել է, քանի որ այդ տարածքը պատկանում է Պաշտպանության նախարարությանը:

Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանն ասում է, որ իրենք դեմ չեն շինարարությանը, բայց առաջին հերթին պետք է շինարարության թույլտվություն ստանալ, որպեսզի շենքը անօրինական չհամարվի:

«Պետք է առաջին հերթին դիմել պետգույք, հողատարածքը ստանալ, ստանալ շրջանի համաձայնությունը, որ այդ տարածքներում շրջանը մտադիր չէ որևէ բան կառուցել, հետո այն կհանվի աճուրդի: Օրենքով դա այդպես է արվում: Իսկ նրանք գրավել են, և հիմա ասում են մեզ վրա ձևակերպեք: Միթե հնարավոր է այդպես վարվել», – ասում է Ալբերտ Նահատակյանը:

Ապօրինի շինարարության համար տուգանքը 2000 լարի է:

Շուշան Շիրինյան