Չնայած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրվանից անցել է 16 օր և վերջնական արդյունքները արդեն ընդունված են, սակայն Ախալքալաքի Շրջանային Ժողովի նախորդ գումարման (2014թ.) պատգամավոր Սլավիկ Մարաբյանը ցանկանում է իր բողոքը ներկայացնել ժողովրդին հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ:

jnews-ի խմբագրությունը զանգ ստացավ Ախալքալաքի Շրջանային Ժողովի պատգամավոր Սլավիկ Մարաբյանից:
«Ես որպես մաժորիտար պատգամավոր, իմ լիազորությունները դեռ չի ավարտվել, մինչև օրս համարվում եմ «Երազանքի» պատգամավոր, ունեմ ֆրակցիա (խմբ. «Կոնսերվատորներ»), և ես չեմ ընդգրկվել այդ ցուցակներում, որպեսզի նորից ընտրվեի Սակրեբուլոյի պատգամավոր «Երազանք» կուսակցությունից: Չգիտեմ ինչ պատճառով, ես պատճառ չեմ տեսնում, երեևի թե իրենք իրենց մարդիկ են հավաքել, մյուսներին կողքի թողել», – ասաց Մարաբյանը, երբ մենք արձագանքելով նրա զանգին, գնացինք Շրջանային Ժողով:

Սլավիկ Մարաբյանը մասնակցել է ընտրություններին որպես մեծամասնական պատգամավորի թեկնածու «Վրաստանի հայրենասերների դաշինքից»: Սակայն նա Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր է «Վրացական երազանք» կուսակցության կողմից: Հոկտեմբերի 21-ին նա հավաքել է 442 ձայն, ինչը կազմել է մեծամասնական տարածքում ձայների 34,1%: Այդ տարածքում հաղթել է Էդգար Խեչոյանը 664 ձայնով: Սակայն Սլավիկ Մարաբյանը համոզված է, որ ինքը պետք է հաղթեր:
«Ինչ խոսք էի տվել իմ քարոզարշավի ընթացքում (խմբ. 2014թ), դա էլ իրականացրել եմ, այնպես որ ես վստահ էի, որ նորից կընտրվեմ, չգիտեմ թե ինչ միջոցներ ձեռնարկեցին, որ կարողացան հասնել հաջողության, 21-ի գիշերը ճանապարհներին ավազ լցնելը, հարթեցնելը, ինչ իրավունք ունեին այդ քայլերը կատարել, ես այդ գիշերը որակում եմ, որպես տեղական ինքնակառավարման ընտրությունների մեկ գիշերվա շոու», – ասում է Մարաբյանը:

Մեր հարցին, թե պատգամավորի դժգոհությունը կոնկրետ ինչից է, նա պատասխանեց.
«Ես չգիտեմ թե ինչ միջոցներ օգտագործվեց, որ այդպես միանգամից ժողովուրդը կարողացավ ընտրություններին խաբուսիկ ձևով իրենց թեկնածուին ընտրել, որին չեն էլ ճանաչում: Միաժամանակ բողոք ունեմ, որ ընտրական հանձնաժողովը կազմել էին իրենք, իրենց մարդկանցից, շրջիկ քվեատուփը տարել էին այնպիսի մարդկանց մոտ, որոնք իրենք նախօրոք էին պայմանավորված, նրանցից բոլորը տվել էին իրենց, 78 անվավեր քվեաթերթիկներ կային, ինչի այդքան շատ, ինչի էին այդպես արել: Ցեսկոն բացել էր մեր քվեաթերթիկները և ուղղում էին մտցրել և նոր արձանագրություններ էին գրել, և ուղղել էին 51 հատ անվավեր քվեներ, հետո էլ հանձնաժողովի անդամները ներկա չեն եղել, և ստորագրել են իրենք, գնացել եմ հանձնաժողովի անդամների բոլորի տները, մեկ-մեկ մարդիկ համապատասխան բացատրական են տվել, որ իրենք չեն ստորագրել փոփոխված արձանագրության տակ», – ասում է Մարաբյանը:

Նշենք, որ Ախալքալաքի ընտրական հանձնաժողովը ընտրություններից հետո 15 դիմում-բողոք էր ստացել, որոնցից 11-ը «Վրաստանի հայրենասերների դաշինքն» էր ներկայացրել: Ընտրական հանձնաժողովը 7 բողոքի դեպքում չի բավարարել պահանջը, 4-ի դեպքում նույնիսկ չի քննարկել, հիմնավորելով, որ բողոքը չի համապատասխանում Ընտրական օրենսգրքի պահանջներին: