Ախալքալաքի Երևանյան փողոցի բնակիչները սթրեսի մեջ էին, երբ նրանց կողմից երկար սպասված ասֆալտը շինարարները սկսեցին քանդել ասֆալտապատումից մի քանի օր անց: Պարզվեց, դա ասֆալտապատման ընդունված ձև է Ախալքալաքում՝ փողոցն ասֆալտապատում, հետո քանդում են դիտահորերը գտնելու նպատակով:
Երևանյան փողոցում ճանապարհի ամբողջ երկայնքով քանդել են դիտահորերի հատվածները, ինչը բազում հարցեր է առաջացնում բնակիչների մոտ։
«Ասֆալտ անողները ճանապարհը ասֆալտապատելուց դիտահորերն էլ են ասֆալտապատում, նրանք նշումներ են անում, որտեղ են դիտահորերը և ասֆալտապատումից հետո ասֆալտը քանդում և դիտահորերը հավասարեցնում են ասֆալտի մակերեսին։ Հիմա այդ դիտահորերը արդեն բաց են, իրենք պետք է բարձրացնեն։ Դիտահորերի վրայի ասֆալտի մաքրումը և դրա հավասարեցումը ճանապարհը նորոգողների աշխատանքն է», – մեզ հետ զրույցում ասաց Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնի մենեջեր Վարդ Մոսոյանը։
Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը նշում է, որ ասֆալտապատումից հետո դիտահորերի փնտրտուքը տեխնիկական խնդրի պատճառով է։
Դիտահորերի հետ կապված մի այլ խնդիր էլ կա, Մոսոյանն ասում է, որ շինարարների անփույթ աշխատանքի հետևանքով հաճախ ջրուղիներն են վնասվում։
«Մեր մեղավորությամբ չէ, որ կենտրոնական ջրատարը շինարարը կոտրել է ու մենք ստիպված ջրերն անջատում ենք, որպեսզի նորոգենք։ Շինարարին մունիցիպալիտետը պետք է պարտադրի, որ կոմունիկացիան փչացրել ես, բարի եղիր վերանորոգիր։ Ճանապարհը նորոգող կազմակերպությունը՝ շինարարական կազմակերպություն է և փող է աշխատում, իսկ մերը պետական ՍՊԸ է, և մենք իրավունք չունենք շինարարի վնասածը նորոգելու, դա շինարարի պարտականությունն է», – ասաց Վարդ Մոսոյանը։
Մոսոյանը նշում է նաև, որ շինարարական աղբը ևս խնդիր է առաջացնում: Այն լցվում է դիտահորերի մեջ և կոյուղու պարբերաբար խցանումների պատճառ է հանդիսանում:
Ալբերտ Նահատակյանը այս խնդրի լուծումը տեսնում է նրանում, որ որևէ ճանապարհ նորոգելուց առաջ անպայման պետք է դիտահորերի վիճակը նկարագրող նկարներ լինեն, որպեսզի ճանապարհաշինարարական ընկերության և ջրամատակարարողի միջև տարաձայնություններ չլինեն։
«Ճանապարհաշինության հետևանքով խցանված կոյուղիների մաքրումը թե ում պարտականությունն է, օրենքով նշված չէ, բայց եթե շինարարն է մեղավոր, նա պետք է մաքրի։ Ընդհանրապես շինարարական ընկերությունը և ջրամատակարարման կենտրոնը պետք է համագործակցեն։ Փողոցը, որտեղ անցկացվելու են շինարարական աշխատանքներ քանի դիտահոր կա և ինչ վիճակում են, այդ ամենը ջրամատակարարը պետք է նախօրոք նկար ցույց տա։ Իսկ շինարարությունը ավարտելուց հետո պետք է պահանջի, որ դիտահորերը ինչ վիճակում եղել են, նույն վիճակում էլ ստանա», – մեզ հետ զրույցում հարցի վերաբերյալ իր մեկնաբանությունը տվեց Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը։
Վերջին 2-3 տարիների ընթացքում դիտահորերը սկսեցին փնտրել ասֆալտապատումից հետո, սակայն դրանից առաջ ասֆալտապատված փողոցներում դիտահորերը մնացել են ասֆալտի հաստ, կամ ոչ այնքան հաստ շերտի տակ: Ամբողջ քաղաքում կա 700-ից ավելի դիտահոր, բայց դրանց մի մասը ասֆալտի տակ է գտնվում։
Ջուլիետա Տոնականյան