Երևանում անցկացվեց «Վրաստանի հայ համայնքի հիմնախնդիրները. լուսաբանման թերություններն ու հնարավոր հետևանքները… ի՞նչը և ինչպե՞ս լուսաբանել» թեմայով դասընթաց, որին մասնակցեցին հայկական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Դասընթացը կազմակերպել էր «Հոդված3» ակումբը հոկտեմբերի 28-ին: Բանախոսներն էին Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը, Թբիլիսիում գործող «Ալիք Մեդիա» լրատվականի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը, Ջավախքի լրատվական կենտրոնի լրագրող Աղունիկ Այվազյանը և Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց Վրաստանի հայ համայնքի հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքը հայ-վրացական միջպետական հարաբերությունների համատեքստում:
«Ալիք Մեդիա» լրատվականի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն անդրադարձավ Վրաստանում գործող հայալեզու լրատվամիջոցներին և ներկայացրեց «Սամցխե-Ջավախքում տիրող իրավիճակը. խնդիրներն ու դրանց հանրային ընկալումները» թեման: Իսկ Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը խոսեց Վրաստանի հայ համայնքի ինտեգրացիայի խնդիրների շուրջ:
Նման դասընթաց անցկացնելու միտքը ծագել էր վրացական ու հայկական լրատվամիջոցների կողմից լուսաբանված Ջավախքի Գումբուրդո գյուղի միջադեպից հետո: Հրապարակումներում քիչ չէին ազգային ու կրոնական հակադրությունների վրա շեշտադրումները: Անգամ վերնագրերում կարելի էր տեսնել «Էթնիկ հայերի առճակատումը վրաց ոստիկանների հետ», կամ «վրաց ոստիկանները ծեծել են հայ բնակիչներին» հակադրումները, որոնք անթույլատրելի են հատկապես նման զգայուն թեմաները լուսաբանելիս: