Ի՞նչ պատճառներով է աշխատանքից ազատվել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի արդեն նախկին ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը: Ո՞վ կփոխարինի հոգևոր առաջնորդին Ջավախքում և ինչ է սպասվում նրան, այս և այլ հարցերի շուրջ jnews.ge-ին զրուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:

Սրբազան հայր, ինչով էր պայմանավորված Հայր Սուրբի պաշտոնից ազատումը հենց այս ժամանակահատվածում:

Եթե դուք նայել եք մեր պաշտոնական տեղեկատվութունը, ես նոր բան չունեմ ասելու, այնտեղ գրված է` շատ հստակ այլ պաշտոնի է աշխատանքի անցնելու և կառուցվածքային փոփոխությունների հետ կապված, ուրիշ որևէ մի այլ բան չկա,
հայր սուրբը շարունակելու է հոգևոր իր գործունեությունը: Այո, գուցե և ավելի բարձր պաշտոնների հրավիրվի: Հիմա Հայր Սուրբը արձակուրդում է, արձակուրդից կվերադառնա և արդեն կերևա, այնպես որ շուտով այդ բոլոր հարցերին անդրադարձ կլինի, սա զուտ աշխատանքային պրոցես է և ոչ մի ժամանակի հետ կապ չունի:

– Հայր Սուրբը հոգևոր ծառայությունը Վիրահայոց թեմում է շարունակելո՞ւ:

Մեր ցանկությունն է, որ ինքը մնա, բայց եթե Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից այլ թեմում ծառայության կոչեն…

– Հայր Սուրբի պաշտոնից հեռացումը շատերը ուղիղ կապում են Գումբուրդոյի դեպքերի հետ, ինչքանով է դա ճիշտ:

Ոչ, ոչ մի բանի հետ կապ չունի: Սա ոչ մի կապ չունի Գումբուրդոյի հետ, բացարձակ: Գումբուրդոյի հարցով զբաղվում է աշխատանքային խումբը, այստեղ Հայր Սուրբը ոչ մի անելիք չուներ:

Իսկ հայր Բաբգէնին ով կփոխարինի առաջնորդի պաշտոնում:

Առայժմ դեռ ոչ ոք, դեռ ինքս որպես առաջնորդ աշխատանքները կշարունակեմ մինչև որ տեսնենք հետագայում ինչ կլինի:
Խնդրում եմ, որ բոլորը իմանան, սա զուտ աշխատանքային է, մենք շատ սիրում և գնահատում ենք հայր Բաբգէնին, ինքը մեր ընկերն է, մեր հոգևոր եղբայրը, այնպես որ ամեն ինչ կկարգավորվի իր ժամանակին:

Աղունիկ Այվազյան